Մայդան չի լինելու. Արչիլ Սիխարուլիձեն՝ Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին

02 Դեկտեմբերի 2024, 21:17

Քաղաքականություն

Վրացի քաղաքագետ, Sikha Foundation նախագծի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։

«Մայդան չի լինելու: Որպեսզի Եվրամայդան լինի, անհրաժեշտ է, որ այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները, դադարեն նորմալ գործել։ Առայժմ, չնայած որոշակի կոչերին, այս բոլոր կառույցները շատ հստակ կանգնած են իրենց դիրքերում և հայտարարում են, որ պահպանելու են օրենքը և կարգը։ Երկրորդ՝ որքան շատ ցուցարարների կողմից հարձակումներ լինեն խորհրդարանի շենքի վրա, այնքան նրանք ավելի քիչ աջակցություն կստանան երկրի բնակչության կողմից, քանի որ դա մենք արդեն տեսել ենք 90-ականներին, և ժամանակին հանգեցրել է քաղաքացիական պատերազմի։ Հույս կար, որ հնարավոր կլինի ներխուժել խորհրդարան, սակայն ցուցարարները ստացել են կոշտ պատասխան։

Երրորդ՝ եղել են որոշակի ձերբակալություններ, որոնք ուղղված են հատկապես տաք գլուխները հանգստացնելուն։ Չորրորդ՝ այս հանրահավաքներին մասնակցողների թիվը քիչ է, 5-10 հազար հոգի, որից 200-300-ը, առավելագույնը 500 հոգի, զբաղվում են սադրանքներով և բռնի մեթոդներով։

Ուստի իշխանությունը պետք է չեզոքացնի այդ 200-500 հոգուն, իսկ մնացածները կարող են մինչև ժամանակի վերջ հանրահավաքներ անել։ Փաստորեն, ես հիմա հասկանում եմ, որ դրանք վերջին փորձերն էին բռնի կերպով աղմուկ և քաոս ստեղծելու։ Վրաստանում այդ հանրահավաքներն ընթանում են խորհրդարանի դիմաց, դա 100-150 մետր է, երկրի մնացած մասում ոչ մի հեղափոխություն, հեղաշրջում չկա, բոլորն աշխատում են ևամեն ինչ նորմալ է»,- ասել է Սիխարուլիձեն։

Փորձագետի կարծիքով, այսպես կոչված «Եվրամայդան» կազմակերպելու փորձերը ոչնչի չեն հանգեցնում։

«Եվրամայդան կոչվածը կազմակերպելու, երկիրը կաթվածահար անելու փորձերը ոչ մի բանի չեն հանգեցնում, բայց այս դեպքում ընդդիմադիր փուչիկում և սոցիալական տարածքում շատ ակտիվ փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես պատերազմ է Վրաստանում: Բայց եթե պարզապես անջատեք հեռուստացույցը և քայլեք բոլոր վայրերով, բացի այդ 150 մետրից, դուք նույնիսկ ոչինչ չեք նկատի: Հետևաբար, ինձ թվում է, որ «Վրացական երազանք»-ն ընտրել է զսպման քաղաքականություն և սպասել, որ ժամանակի ընթացքում դրանք պարզապես կվերանան», — եզրափակել է Սիխարուլիձեն: