Մայքլ Օմարտյան․ «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիրը

26 Նոյեմբերի 2024, 23:57

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 26-ը ամերիկահայ դաշնակահար, երգահան, գործիքավորող և երաժշտական պրոդյուսեր Մայքլ Օմարթյանի ծննդյան օրն է:

Մայքլ Օմարթյանը ծնվել է 1945 թվականին ԱՄՆ-ում՝ հայ ընտանիքում։ Իր ողջ կարիերայի ընթացքում, որն, ի դեպ, շարունակվել է ավելի քան չորս տասնամյակ, Օմարթյանը մասնակցել է բազմաթիվ ալբոմների ստեղծման, երեք տասնամյակ անընդմեջ եղել է առաջին հորիզոնական զբաղեցրած ձայնագրությունների պրոդյուսեր։

Օմարթյանը «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր է, այդ թվում՝ «Տարվա ստեղնահար» և «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում։ Նա հինգ տարի անցկացրել Է ABC/Dunhill Records ընկերությունում՝ որպես պրոդյուսեր, նկարիչ և գործիքավորող։ Ավելի ուշ աշխատանքի է ընդունվել »Warner Bros» ընկերությունը, որտեղ նա եղել է հաստիքային պրոդյուսեր և A&R-ի ձայնագրման ստուդիայի աշխատակից։

1993թ-ին Օմարթյանը Լոս Անջելեսից տեղափոխվել է Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաք, որտեղ աշխատել է Ձայնագրման ակադեմիայի կառավարիչների խորհրդում և մասնակցել Բելմոնտի համալսարանի «Երաժշտության բիզնես» մագիստրոսական ուսումնական պլանի մշակմանը։

Օմարթյանը թողարկել է այնպիսի աստղերի երաժշտական ալբոմներ, ինչպիսիք են Փիթեր Սեթերուն, Էմի Գրանտը, Ուիթնի Հյուսթոնը և այլք։