Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է միաբանական համագումար
06 Հունիսի 2023, 09:20
Հունիսի 5-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է միաբանական համագումարը, որին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներն ու աբեղաները։ Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից:
Միաբանական համագումարը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունել է համագումարի ատենապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Հայր Սուրբն իր ուրախությունը հայտնելով համագումարի անցկացման առիթով՝ միաբաններին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի սերն ու օրհնությունը։ Հայր Գարեգինն ընդգծել է, որ այս համագումարը լավագույն հնարավորություն է միասնաբար ու միատեղ քննարկելու Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները և ուղիներ գտնելու դրանց հաղթահարման գործում։
Բացման խոսքին հաջորդել է համագումարի օրակարգի քննարկումն ու հաստատումը։
Համագումարի առաջին նիստը վարել է Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Հայ Առաքելական Եկեղեցու քարոզչական ու հոգևոր-կրթական առաքելությունը ժամանակակից աշխարհում. տեսլականներ և մարտահրավերներ» թեմայով զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբն ի մասնավորի անդրադարձել է երիտասարդների հոգևոր դաստիարակության կարևորությանը, նրանց բարոյական և ազգային կերտվածքի ձևավորմանը, հոգևոր անվտանգության ապահովմանը, աղանդավորական շարժումների դեմ պայքարին, ինչպես նաև հոգևոր ուսումնական հաստատություններում կրթության արդյունավետության բարձրացմանը։
Զեկույցից հետո տեղի են ունեցել խմբային քննարկումներ, կարծիքների փոխանակումներ, ելույթներ և ամփոփումներ, որոնք առնչվում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քարոզչական գործունեության առավել արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին։
Վեցօրյա ժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կքննարկեն նաև Եկեղեցու և հայ ժողովրդի առջև ծառացած զանազան մարտահրավերներ, կլսեն տարբեր զեկույցներ: Հունիսի 6-ին համագումարի մասնակից միաբանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Հունիսի 7-8 հովվական առաքելությամբ կմեկնեն Տավուշի և Գեղարքունյաց թեմերի տարբեր համայնքներ, այցելություններ կկատարեն մասնավորապես արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, վիրավոր և անհայտ կորած զինվորների ու Արցախից տեղահանված ընտանիքներին: