Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
15 Օգոստոսի 2023, 15:45
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Բերկրառատ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է՝ Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես ընդգծել է. «Աստվածամոր վերափոխումը մենք տոնում ենք իբրև գալիք այն իրողության ևս մեկ հաստատում, որ մենք էլ պիտի հարություն առնենք և Աստվածամոր օրինակով հաղթահարենք մահը»։
Վերջում Վազգեն Սրբազանը, ևս մեկ անգամ աղոթք վերառաքելով առ Աստված, դիմել է ներկա հավատացյալներին՝ նշելով․ «Սիրելի հավատացյալնե՛ր, շնորհավորելով բոլորիս տոնի առիթով, միանում եմ ամենքիդ աղոթքներին և խնդրում Աստվածամոր բարեխոսությունը մեր ազգի, Հայաստան և Արցախ աշխարհների համար, մեր բանակի, մեր ժողովրդի փրկության համար»։
Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվել է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվել են հավատավոր ժողովրդին: