Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը
18 Ապրիլի 2025, 17:40

Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը հայտարարություն է տարածել.
«2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։
Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: