Մայր Աթոռը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 1799–1809 թթ․» գիրքը
30 Հունիսի 2023, 23:43
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը 1799–1809 թթ․» գիրքը (ռուսերեն)։ Մենագրությունը ներկայացնում է ԺԹ դարի առաջին տասնամյակի Հայ Եկեղեցու պատմությունը, մասնավորապես Հովսեփ արք․ Արղությանի, Դավիթ Ե Էնեգեթցի Ղորղանյան և Դանիել Ա Սուրմառեցի կաթողիկոսների գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր, որոնք հայ պատմագիտության մեջ հայտնի են «Դավիթ-Դանիելյան վեճեր» անունով։
Վալերի Թունյանը մեծաքանակ արխիվային նյութերի, մամուլի և քննության ենթակա խնդիրներին առնչվող ուսումնասիրությունների օգտագործմամբ ներկայացնում է Հայ Եկեղեցու՝ 1799–1809 թթ․ ժամանակաշրջանի պատմությունը։
Հեղինակը, սկսելով Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի մահվանից հետո նոր կաթողիկոսական ընտրության կազմակերպման գործընթացի ներկայացումից, անդրադառնում է կաթողիկոսական գահի հնարավոր թեկնածուներին, ցույց է տալիս հարցի հետ կապված Ցարական Ռուսաստանի, Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների հետաքրքրություններն ու դրանց բավարարմանն ուղղված ջանքերը։ Այնուհետև ներկայացնում է բուն կաթողիկոսական ընտրություններին առնչվող խնդրահարույց հարցերը։
Ներկայացվող ժամանակաշրջանի ուսումնասիրությունը հետաքրքրական է և կարևոր հատկապես նրանով, որ ներկայացված են Հայոց Եկեղեցու վարչական կարգավորման խդիրները, Ս. Էջմիածնի քաղաքական, իրավական ու սոցիալտնտեսական դրության հարցերը, որոնք պատմագիտության կողմից քիչ են ուսումնասիրվել։