Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները

05 Դեկտեմբերի 2025, 14:51

Քաղաքականություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտացածին ու անհիմն մեղադրանքներով Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ 

«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: 

Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ։