Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն արդեն ռեցեսիայի մեջ է. Եվգենի Նադորշին

Տնտեսագետ Եվգենի Նադորշինը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությանը և դրա ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա:

«Թրամփի, մասնավորապես, այլ երկրների՝ Չինաստանի, Եվրամիության պատասխան միջոցներին էլ ավելի կոշտ մաքսատուրքերով պատասխանելու փորձը ԱՄՆ-ի և աշխարհի համար, ցավոք, ոչ մի լավ բանով չի ավարտվի։ Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն արդեն ռեցեսիայի մեջ է։ Թրամփի կայացրած որոշումներին կհաջորդի ԱՄՆ-ում գնաճը։ Մարդիկ կփորձեն գնել այն, ինչն, ինչպես իրենք են կարծում, կթանկանա, իսկ դա տնտեսության վրա կարող է լավ ազդել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան այս երկու անառողջ գործընթացները, հենց դա էլ մեծապես կորոշի ԱՄՆ ՀՆԱ-ի դինամիկան 2025 թվականի առաջին եռամսյակում։ Բայց նույնիսկ եթե անկում տեղի չունենա 2025-ի առաջին եռամսյակում, հավանականությունը մեծ է, որ այն կսկսվի մի փոքր ավելի ուշ: Բանն այն է, որ առևտրային պատերազմները մասնակիցներից ոչ մեկի համար երբեք լավ բանով չեն ավարտվել», — ասել է Նադորշինը։

Ըստ նրա՝ հստակ երևում է, որ Թրամփի վարչակազմի ներկայիս մոտեցումը չի կարող կառուցողական ընկալվել արտաքին գործընկերների կողմից։

«Ուստի ակնհայտ է, որ այլ երկրները կխոչընդոտեն արտաքին ներկայությանը, ընդլայնմանը և ԱՄՆ-ից արտաքին շուկաներ մատակարարմանը: Եվ նրանք, ում նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվել, իրենց հանդեպ դա արդար չեն համարում: Իսկ ամերիկյան վարչակազմը ոչ մի ջանք չի գործադրել դա հիմնավորելու համար։ Դա նշանակում է, որ ամերիկացիների գործողությունների հանդեպ վրդովմունքը արդարացի կհամարվի, և այդ պահից սկսած իրենց շուկաներում ամերիկացիների ներկայությանը հակազդելը միանգամայն նորմալ կհամարվի», — նշել է Նադորշինը։

Տնտեսագետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման դեպքում ռուսական տնտեսությունը նույնպես կհայտնվի ռեցեսիայի մեջ:

«Կարծում եմ, որ 2025 թվականիերկրորդ եռամսյակից համաշխարհային առևտուրը բավականին սրընթաց կնվազի։ Համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերը արգելակվելու են, իսկ մեծ հավանականությամբ մենք կարող ենք ռեցեսիա տեսնել աշխարհի ողջ տնտեսությունում։ Եվ արդյունքում կվատթարանա ոչ միայն ամերիկյան տնտեսության վիճակը, այլև մի շարք այլ երկրների։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման դեպքում Ռուսաստանի տնտեսությունը ևս կհայտնվի ռեցեսիայի մեջ։ Մեզ մոտ արդեն ընթանում են պատշաճ քանակությամբ գործընթացներ՝ առանց հաշվի առնելու այդ բացասական արտաքին ցնցումները, որոնք հանգեցրել են աճի տեմպերի դանդաղեցմանը։ Սա երևում է հունվար-փետրվարի տվյալներով, կարող եք չկասկածել, որ ոչ մի տուրք դեռևս էական ազդեցություն չի ունեցել տնտեսական ակտիվության այդ ցուցանիշների վրա։ Ես կարող եմ հստակ, վստահաբար ասել, որ Ռուսաստանի տնտեսությունը, ցավոք, անբարենպաստ ձևով մտնում է այս գլոբալ ճգնաժամի մեջ», — եզրափակել է Նադորշինը։

Մանրամասները՝ տեսանյութում։