«Մեծ Թուրանի» ծրագրում Հայաստանն ընկալվում է որպես խոչընդոտ, որը պետք է հեռացվի․ Ռուբեն Մելքոնյան

16 Մարտի 2026, 12:00

Քաղաքականություն

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ներկայացրել է Հայաստանում բեսթսելեր դարձած «Թուրանի ճանապարհին խանգարող Հայկական սեպը» գրքի ռուսերեն թարգմանությունը։ Գրքի հեղինակներն են թուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը և Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերջնական նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի համար միավորված, ագրեսիվ թուրքական պետության՝ «Մեծ Թուրանի» ստեղծումն է, իսկ Հայաստանն ընկալվում է որպես խոչընդոտ, որը պետք է հեռացվի։

«Այս տերմինը մենք չենք հնարել։ Դեռ 1992 թվականին Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելն ասել է, որ Հայաստանը սեպի նման խրված է թուրքական աշխարհի մեջ։ Այսօր մենք տեսնում ենք այդ սեպը վերացնելու գործնական փորձերը»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը։

Գրքում զետեղված քարտեզները, որոնք ակտիվորեն շրջանառվում են թուրքական պետական լրատվամիջոցներով (օրինակ՝ TRT-ով), փաստում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի թիրախում ոչ միայն ճանապարհն է, այլև ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը։

«Միջանցքը նախատեսվում է անցկացնել հենց Հայաստան-Իրան սահմանի երկայնքով՝ Արաքսի ափով, ինչը Հայաստանին կզրկի Իրանի հետ ռազմավարական սահմանից։ Իրանը դեմ է այս նախագծին, քանի որ կորցնում է իր կապը դեպի Սև ծով և հյուսիս»,-ասել է թուրքագետը։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ «թուրքական աշխարհի միավորումը» տեղի է ունենում ի հաշիվ Հայաստանի ինքնիշխան տարածքների և պետականության։ «Սա սովորական տնտեսական միացում չէ, այլ բացահայտ ագրեսիա, որի նպատակը տարածաշրջանի ժողովրդագրական և քաղաքական պատկերի բռնի փոփոխությունն է»,-հավելել է Մելքոնյանը։