Մեկ ժամ է՝ Արցախը ռմբակոծվում է բոլոր ուղղություններով. արցախցի

19 Սեպտեմբերի 2023, 14:12

Քաղաքականություն

Արցախում օդային տագնապ է: Բնակիչները իջել են ռմբապաստարաններ: Արցախի հետ այս պահին կապ հաստատել չի հաջողվում. ինտերնետ կապը խափանված է, իսկ հեռախոսակապը կտրված է: Լուրը Alpha News-ին հայտնել է Նարինե Ավանեսյանը, որի հարազատները Ստեփանակերտում են:

«Մեկ ժամից ավելի է՝ Ադրբեջանի զինուժը տարբեր տեսակի զինտեխնիկայով ռմբակոծում է Արցախը բոլոր ուղղություններով: Այլևս չեմ կարողանում հարազատներիս հետ կապ հաստատել: Այնտեղ է հայրս, որը սրտի վիրահատություն է տարել և հատուկ խնամքի կարիք ունի: Ամուսնուս քույրն իր ամբողջ ընտանիքով մեծից փոքր Ստեփանակերտում են: Նրանք ռմբապաստան են իջել և հստակ չգիտեն, թե ինչ է կատարվում»,- անհանգստությամբ ասել է Նարինեն:

Նարինե Ավանեսյանը ընդգծել է՝ վերջին անգամ, երբ զրուցել է հարազատների հետ՝ նրանք նշել են, որ անհասկանալի վիճակ է Արցախում: Մարդիկ չգիտեն՝ ինչ քայլերի դիմել:





 

Հիմա եթերում