Մեկ տարի առաջվա իրադարձությունները մեկ դար առաջ տեղի ունեցածի շարունակությունն է. Գագիկ Բաղունց
19 Սեպտեմբերի 2024, 15:00
Ցավոք, այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, հայ ազգի համար, մեծ հաշվով, դաս չդարձավ: Այս մասին «Եռաբլուր»-ում հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը:
Նրա խոսքով՝ մեկ տարի առաջվա իրադարձություններին ինչ անուն էլ տրվի՝ էթնիկ զտում, բռնի տեղահանում, ցեղասպանություն, այն մեկ դար առաջ տեղի ունեցածի շարունակությունն է:
«Ցավոք, ՀՀ իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ենթադրում է երկու հիմնական բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում և խաղաղության օրակարգ, պետք է հասկանան, որ դա արդյունավետ է լինում համագործակցության մեջ, ինչը տեսանելի չէ մեր արտաքին քաղաքականության մեջ։
Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օրակարգի վրա։ Ես այսօրվա վարած արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «шведский синдром»-ին, երբ զոհը փորձում է ահաբեկչի նկատմամբ սեր, ըմբռնում դրսևորել»,- ասել է Բաղունցը։
Նա իր խոսքում նշել է, որ որպես առաջնային մանդատով օժտված մարմին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հետամուտ է լինելու արցախցիների՝ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացմանը:
«Խոնարհվում ենք հազարավոր նահատակների հիշատակի առաջ: Համոզված ենք, որ համայն հայության ջանքերով նորից իրողություն կդառնա ազատ, ինքնիշխան Արցախ ունենալու բազում սերունդների երազանքը»,- ասել է Բաղունցը։