Մեկնարկել է Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը /ուղիղ/
16 Օգոստոսի 2023, 23:00
Այսօր Երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկել է ՄԱԿ ԱԽ նիստը, որի օրակարգում 8 ամիս շարունակ Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցն է ։ Նիստին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ քննարկումը Հայաստանի կառավարության պահանջով է կազմակերպվել։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից մեկ օր առաջ օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Արցախում սովամահության դեպք է գրանցվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին հայտնել էր, որ շրջափակման պայմաններում սովամահության դեպք է արձանագրվել: Քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով մահացել է Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Արցախում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում, գրանցվել է չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված շտապ օգնության անհասանելիության պատճառով։
Հիշեցնենք նաեւ, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: