Մեկնարկել է ասմունքի մրցույթ՝ նվիրված  Վարդան Հակոբյանի ծննդյան 75-ամյակին

31 Մայիսի 2023, 23:00

Մշակույթ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից  մեկնարկել է դպրոցականների ասմունքի մրցույթ՝ նվիրված երջանկահիշատակ բանաստեղծ, դրամատուրգ, ԱՀ պետական օրհներգի հեղինակ Վարդան Հակոբյանի ծննդյան 75-ամյակին։ 

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել  է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի արտադպրոցական ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը՝ հավելելով, որ ասմունքի մրցույթին մասնակցում են Հանրապետության  շրջանների և մայրաքաղաքի դպրոցականներ:

«Մասնակցում են տարիքային երկու խմբերի աշակերտներ՝ 9-12 և 13-16։ Շրջաններում արդեն մրցույթն անց է կացվել, իսկ քաղաքային փուլը կկայանա հունիսի 6-ին»,- նշել է Ն. Ղահրամանյանը՝ տեղեկացնելով, որ ասմունքի մրցույթի հանրապետական փուլը նախատեսված է հունիսի 8-9-ը՝ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետհավատարմագրված համալսարանում։