Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

05 Հունիսի 2023, 23:40

Բոլոր

Մեկնարկել է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման առաջին փուլը /Միջոցառման շրջանակներում 40 000 դրամի չափով միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող անձանց, բացառությամբ աշխատողների և զինծառայողների/։

Այս մասին տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից:

«Ս.թ. հունիսի 2-ից սկսվել են 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և /կամ/ բնակտարածք կորցրած այն անձանց վճարումները, որոնց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրամադրվող դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ Արցախբանկի միջոցով։

Այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են Արցախբանկի քարտապան, սակայն 8-րդ միջոցառման շրջանակներում տրամադրվող գումարը չի փոխանցվել Արցախբանկում բացված հաշվի համարին, կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ նույն բանկի մասնաճյուղեր՝ իրենց աջակցությունը ստանալու նպատակով։

Հունիսի 6-ից Արցախփոստի միջոցով (կանխիկ եղանակով) կիրականացվի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և /կամ/ բնակտարածք կորցրած՝ Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և չաշխատող այն անձանց աջակցության տրամադրումը, որոնք բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով տրամադրվող դրամական աջակցության գումարները ստանում են Արցախփոստի կամ այլ բանկերի միջոցով։

Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող քաղաքացիների մյուս խմբերի աջակցության տրամադրման և առցանց դիմումների ընդունման վերաբերյալ տեղեկատվություն կհաղորդենք առաջիկայում», — նշվում է գերատեսչության ֆեյսբուքյան հրապարակման մեջ: