Մեկնարկել է Վիկտոր Սողոմոնյանի դասախոսությունների նոր շարքը
25 Դեկտեմբերի 2024, 14:55
Դեկտեմբերի 23-ին «Ալֆա Մեդիա Հաուս» -ի Ինտեգրացված հաղորդակցությունների և լրագրողական վարպետության դպրոցում մեկնարկել է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի՝ «Քաղաքական առասպելների ձևավորումը և կիրառումը» խորագիրը կրող դասախոսությունների նոր շարքը:
Դասընթացի մասնակիցները տպավորված են թեման պարզ, հետաքրքիր ներկայացնելու ոճից:
«Տեղյակ էի, որ անցած տարի էլ է նմանատիպ դասընթաց եղել: Այս տարի առիթը բաց չթողեցի ու դիմեցի՝ մասնակցության համար: Մեծ պահանջ ունեի մասնագետի կողմից որոշակի պարզաբանումներ ստանալու ինձ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Բավականին տպավորիչ է անցել առաջին դասը»,- ասել է Գագիկ Ասատրյանը:
Մասնակիցները կարևորել են նաև այն, որ Վիկտոր Սողոմոնյանը դժվար մարսելի թեմաները ներկայացրել է հստակ օրինակներով՝ առանց բարդ տերմինների:
«Գիտեի, որ նախկինում էլ են նման ֆորմատի դասընթացներ կազմակերպվել, բայց չէր ստացվել մասնակցել: Այս անգամ որոշեցի առիթը բաց չթողնել: Առաջին դասն իսկապես հետաքրքիր էր: Ինձ դուր եկավ, որ ամեն ինչ պատկերավոր էր, սոսկ սահմանումներ չէին, կոնկրետ, հստակ օրինակներով քննարկման ձևաչափն էլ բավականին լավ էր ընտրված»,- ընդգծել է դասընթացի մասնակից Աննա Մկրտչյանը:
Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի համար կարևորը ունկնդիրների հետաքրքրված լինելն է: Այնպես, որ երկրորդ դասընթացին էլ նույն սիրով ու հետաքրքրությամբ գան ու մասնակցեն, ինչպես առաջինին:
«Սա հերթական, ամենամյա դասընթացն է: Փորձում ենք գնալով ավելի բարդացնել թեմաները: Ոչ թե անդրադառնալ քաղաքական գործընթացների, լրատվամիջոցների կողմից այդ գործընթացների լուսաբանման մանրամասներին, այլ ավելի գլոբալ հայացք նետել այն երևույթների մասին, որոնք տեղի են ունենում քաղաքականության շուրջ, պատասխանել այն հարցերին, թե հասարակությունն ինչպես է հասկանում քաղաքական գաղափարները, ինչպես են աշխատում ԶԼՄ-ները ու տեխնոլոգիաները՝ մարդկանց հասցնելու այն գաղափարները, որոնք առաջարկում են քաղաքական գործիչները: Ինձ համար ամենակարևորը այն էր, որ ունկնդիրներին հետաքրիքր լինի»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։