Մեկնարկել են Աննա Մելիքյանի «Դիվա» ֆանտաստիկ հեքիաթի նկարահանումները
14 Օգոստոսի 2025, 10:20
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մեկնարկել են ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր լիամետրաժ ֆանտաստիկ «Դիվա» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Գորկու անվան կինոստուդիան և «Մարս Մեդիա» ընկերությունը։
Ֆիլմը պատմում է Մայայի մասին՝ հրաշամանուկ աղջկա, ով 11 տարեկանում դառնում է երկրի գլխավոր օպերային թատրոնի աստղը։ Նրա հաջողությունը նախանձ է առաջացնում երկու օպերային դիվաների մոտ, որոնք նրա պատճառով կորցրել էին իրենց գլխավոր դերերը։ Կոնֆլիկտի գագաթնակետին Մայան խմում է կախարդական էլիքսիր և վերածվում ուրվականի։ Թատրոնում նա հանդիպում է XVIII դարի դիրիժոր Յոզեֆին, ով նույնպես մնացել էր աշխարհների միջև, և դառնում է նրա դաստիարակը։
Աննա Մելիքյանը հանդես է գալիս որպես ռեժիսոր, սցենարի համահեղինակ և պրոդյուսեր։ Գլխավոր պրոդյուսերների թվում է նաև Ռուբեն Դիշդիշյանը։
Դերասանական կազմում են՝ Տիմոֆեյ Տրիբունցևը, Եվգենի Ցիգանովը, Յուլիա Սնիգիրը, Սոֆյա Լեբեդևան, Անդրեյ Մաքսիմովը, Իգոր Միրկուրբանովը, Մարիա Սմոլնիկովան, Եկատերինա Վորոնինան, Վերա Մայորովան և այլք։ Գլխավոր դերակատաի անունը դեռ չի բացահայտվում։
Նկարահանումները տեղի են ունենում պատմական վայրերում՝ Մեծ թատրոնի բեմում, «Ցարիցինո» և «Ցարսկոյե սելո» արգելոց-թանգարաններում, ինչպես նաև Պաշկովի տանը և Գիտնականների տանը։



