Մեկնարկել են Վիկտոր Սողոմոնյանի եւ «Ալֆա Մեդիա Հաուզ»-ի դպրոցի լրագրողական վարպետության դասընթացները

24 Օգոստոսի 2023, 20:05

Կրթություն

Երեւանում աշխատանքն է սկսել Ինտեգրացված հաղորդակցությունների եւ լրագրողական վարպետության դպրոցը։ Դպրոցի հիմնադիրներն են քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը եւ «Ալֆա Մեդիա Հաուզ» ընկերությունը։

«Այս գիտելիքները, որոնք մենք փոխանակում ենք մոդուլի շրջանակներում, խիստ կիրառական են: Լավ գիտեմ տեսական գիտելիքների գինը, դրանք շատ թանկ են, բայց դրանք շատ դժվար են կիրառման համար: Երբեմն, երբ ձեռք ես բերում այդ գիտելիքները, հետո շատ երկար ժամանակ է պետք գալիս, որ հասկանաս, թե ինչպես դրանք կիրառել:

Այստեղ մենք քննարկում ենք գիտելիքներ, որոնք կարելի է կիրառել լսարանից դուրս գալուց հետո: Խղճի բացարձակ հանգստությամբ կարող եմ ասել, որ սա իրոք լրագրողական վարպետության դպրոց է, որովհետեւ բարձրակարգ մասնագետների հետ ոչ թե սովորում ենք, թե ինչպես է պետք տեքստ գրել, այլ սովորում ենք, թե ինչպես է պետք լավագույնս հաղորդակցվել լուրն սպառողի հետ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

Վարպետաց դասերին մասնակցում են ոչ միայն փորձառու լրագրողներ, այլեւ ուսանողներ, քաղաքագետներ, բլոգերներ ու այլ մասնագետներ:

«Ինձ նման մարդու համար, որն այլ մասնագիտություն ունի ու նոր մարդ է այս ոլորտում, առաջին փորձերն է անում, բնականաբար, շատ օգտակար են լինելու նման դասընթացները: Բավականին հետաքրքիր են անցնում դասերը, մատուցումը, թեմաներին անդրադարձը դասական ձեւով չէ»,- նշեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Մեղրի Ղուկասյանը:

«Լինել քաղաքագետ ու չառնչվել ԶԼՄ-ների հետ, բարդ է պատկերացնել: Ակնկալում եմ նոր գիտելիքներ ստանալ: Մենք այս դասընթացների ընթացքում լուրի անատոմիա ենք ուսումնասիրում, իսկ յուրաքանչյուր քաղաքացու համար կարեւոր է հասկանալ, թե ինչ է նորությունը, ինչ շեշտադրումներ են իրականում արվում այս կամ այն լուրի ենթատեքստում»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:

Դպրոցի աշխատանքը մշտական է լինելու, դասաշրջաններն անցկացվելու են տարին երկու անգամ:

«Գիտելիքները կփոխանցվեն ոչ միայն մասնագետներին, այլեւ մարդկանց, որոնք նոր են սկսում: Արդյունավետության տեսանկյունից կա զգալի տարբերություն, նախորդ անգամ տասնօրյա ընթացքում մասնագետների հետ մեծ ծավալի աշխատանք կատարեցինք, ներկա էին նաեւ դրսից եկած հյուրեր:

Հասկանում եմ, որ ուսանողների հետ ավելի երկար կտեւի, բայց պատրաստ ենք ֆորմատն ընդլայնել մյուս դասաշրջանների համար, ու ներգրավել 1-ին, 2-րդ կուրսի ուսանողներին, որոնք գրեթե զրոյից մասնագիտություն են սովորում: Կարծում եմ՝ այն արդյունքները, որոնք ստանում ենք, օգտակար կլինեն ե՛ւ իրենց, ե՛ւ դպրոցի համար»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

2023 թ. ընթացքում Վիկտոր Սողոմոնյանը երկրորդ անգամն է նախաձեռնում լրագրողական վարպետության դասեր: Նախորդ դասընթացներն անցկացվել էին փետրվարի 22-ից մարտի 7-ը, որոնց մասնակցել էր մոտ 40 ունկնդիր: Լրագրողական վարպետության հաջորդ դասաշրջանը տեղի կունենա 2024 թ. փետրվար-մարտ ամիսներին:

Հիմա եթերում