Մեկնարկում է Alpha News-ի աշնանային նոր եթերաշրջանը
20 Սեպտեմբերի 2024, 23:00
Alpha News-ը սկսում է նոր եթերաշրջան: Սեպտեմբերի 23-ից կմեկնարկեն նոր և տարբեր բովանդակությամբ նախագծեր:
«Հայաստանի հեռուստատեսային աշխարհում ավանդույթ կա, որ նոր եթերաշրջանները մեկնարկեն անկախության օրը կամ դրան հաջորդող օրը: Alpha News-ը բացառություն չէ և փորձում է պահպանել այդ ավանդույթը: Շաբաթվա առաջին կեսին մեր հեռուստադիտողին ներկայացնելու ենք հասարակական-քաղաքական նոր ծրագրեր, որոնք առնչվելու են այսօր Հայաստանի առաջ ծառացած ամենաարդիական խնդիրներին»,- ասում է Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը:
Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները տարածաշրջանային հարցերով մեկնաբան Անի Ավետյանի օգնությամբ կծանոթանան Թուրքիայից և Ադրբեջանից հնչող իրական նարատիվների հետ: Հայաստանյան մեդիայում սա առաջին նախագիծն է, որում մանրամասն կներկայացվի, թե ինչ են մտածում և խոսում Թուրքիայում և թուրքական ԶԼՄ-ներում հայերի և Հայաստանի մասին:
«Պետք է մի կողմ թողնել վարդագույն ակնոցը և հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում, ինչպես են մեզ վերաբերվում Ադրբեջանում և Թուրքիայում և ինչ նպատակներ ունեն մեզ հետ կապված: Տպավորություն է, որ որոշ բաներ կարծես վրիպում են մեր ուշադրությունից, իսկ որոշ բաներ էլ խմբագրվում են, որպեսզի մենք մեր հանդեպ կոշտությունը չզգանք»,- նշում է Վիկտոր Սողոմոնյանը:
Հաղորդումը հասանելի կլինի յուրաքանչյուր երեքշաբթի Alpha News-ի յութուբյան և սոցիալական մյուս հարթակներում:
«Բարի հայկական երեկո Մոսկվայում». այսպես է կոչվում Alpha News-ի աշնանային եթերաշրջանի նոր պրոյեկտը: Քաղաքական եռուզեռից կտրվելու համար հանգստյան օրերին կարող եք դիտել հայ աստղերի մասնակցությամբ նախագիծը:
«Սա երեկոյան շոու է՝ համերգով, ուղղակի տարբերությունն այն է, որ մեր մոսկովյան խմբագրությունը Երևանից մեկ օրով հրավիրում է հայ աստղերին, նրանց հետ բենեֆիս անցկացնում Ռուսաստանում բնակվող հայերի, հիմնականում ուսանողների համար: Իսկ հետո այդ աստղը վերադառնում է Հայաստան»,- պատմում է Alpha News-ի հիմնադիրը:
Alpha News-ը կշարունակի բացահայտել հայ ժողովրդի պատմության լավագույն էջերն ու դրանք կերտած գործիչներին: Դիմանկարների շարքը կներկայացնի արևելագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
«Այս անգամ շարքը ներառում է 5 դիմանկար, որոնք շատ հետաքրքիր են, ես չէի ուզենա բացահայտել հերոսներին: Դրանք մեր անտեղյակության պատճառով սենսացիոն են թվում, թեև մասնագետներին հայտնի են վաղուց: Միայն կասեմ, որ դիմանկարներից մեկը Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի մասին է, ով դիվանագիտական հմտություն է կիրառել և բավականին կարևոր հարց լուծել սառը պատերազմի տարիներին միջազգային հարաբերություների ասպարեզում»,- նշում է Վիկտոր Սողոմոնյանը:
Նոր եթերաշրջանում Alpha News-ը կշարունակի ցուցադրել հայկական արմատներ ունեցող հանրահայտ մարդկանց գործերի մասին պատմող անիմացիոն ֆիլմերը:
Նոր թողարկումներ կունենան նաև «Հարազատս հյուսիսից», «Էթնիկ կոդ», «Alter ego» գործող նախագծերը, ինչպես նաև կհրապարակվեն հայ գրականության ստեղծագործությունները պատմող նոր աուդիո գրքերը:
«Այդ շարքը շարունակելու ենք, որովհետև սփյուռքահայության կողմից բավականին մեծ պահանջարկ է վայելում, թույլ տալով ծանոթանալ հայ գրականության գոհարներին՝ առանց կարդալու: Գիտեք, ցավոք, բոլորը չէ, որ հայերեն գիտեն, բայց հայերեն լսում են շատերը»,- նկատում է Վիկտոր Սողոմոնյանը:
Աշխատանքային օրերին Alpha News-ի լրատվական թողարկմանը կարող եք դիտել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի խմբագրությունների առանձնացրած գլխավոր լուրերը և հասկանալ Հայաստանին առնչվող զարգացումների բովանդակությունը:
Այս կարճ, բայց բովանդակալից մոտ մեկուկես տարվա ընթացքում Alpha News-ը փորձել է առավելագույնը հավաստի լուրեր հաղորդել և վերլուծել դրանց նշանակությունը Հայաստանի համար:
«Ի սկզբանե այն կոնցեպտը, որը ձևակերպել ենք Alpha News-ի համար, կարծում եմ՝ իր տեղը գտավ լրատվական կյանքում, ինչի համար շատ ուրախ եմ: Այսինքն՝ եթե ուզում ես քննադատել, խնդրեմ, բայց այն բառամթերքը, որն ընտրում ես, պետք է լրատվական լինի և ոչ թե փողոցային: Վերլուծաբանները պետք է բազմազան լինեն, նրանց կարծիքները պետք է հիմնավորված լինեն, սրանք այն սկզբունքներն են, որոնք բերում են բացարձակ որակի»,- շեշտում էՎիկտոր Սողոմոնյանը:
Alpha News-ը խոստանում է ավելին անել իր լսարանին որակյալ և օգտակար արտադրանք մատուցելու համար: