Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին. Թուրքիայի պաշտպանության նախարար

27 Նոյեմբերի 2023, 19:15

Քաղաքականություն

Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները. Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին. այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

«Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները և ձգտում ենք Կովկասում կայունության: Ադրբեջանն ազատագրել է «իր հողերը օկուպացիայից» (չակերտները՝ Tert.am): Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, և որպեսզի դա ցույց տանք միջազգային հանրությանը, մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին», — ասել է թուրք նախարարը։

Նրա խոսքով, «3+2» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ լուծման համար:

«Հայաստանը չի կարողանում ճիշտ գնահատել ստեղծված հնարավորությունը»,- կարծիք է հայտնել Գյուլերը:

Նա նաև ասել է, որ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: