Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին. Փեզեշքիան

19 Օգոստոսի 2025, 14:38

Քաղաքականություն

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ 

«Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ»,- ասել է Իրանի նախագահը։ 

Նա հավելել է, որ Իրանը իր հարևաններին, և հատկապես Հայաստանին խաղաղություն ու հանգստություն է ցանկանում՝ շեշտելով, որ ինտեգրացիան և բարեկամությունը  լավագույն գործոններն են անվտանգության և զարգացման ուղով շարժվելու համար։ 

«Մենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանել ենք, դա մեր քաղաքականությունն է, և մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառման»,- ասել է Փեզեշքիանը՝ կրկնելով իրանական կողմի դիրքորոշումն առ այն, որ Հարավային Կովկասում խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը կարող է ավելի բարդացնել վիճակը։ 

Իրանի նախագահը նաև հավելել է, որ Իրանում սպասում են Հայաստանի վարչապետի այցին։