Մենք անկախության սերունդն ենք, Արցախից դուրս գալու մտադրություն չունենք. Արմեն Մանգասարյան
12 Հուլիսի 2023, 11:43
Շրջափակման պայմաններում՝ պաշարման մեջ, Ստեփանակերտում մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնությունը: Ծրագրի ղեկավար Արմեն Մանգասարյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է նախաձեռնության ծրագրերից, նշել, որ ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում բոլորը նույն կարծիքին են՝ արցախցու պայքարը այլընտրանք չունի: Անդրադառնալով «Մենք ենք մեր սարերը» նախաձեռնությանը, Մանգասարյանը առաջնահերթությունների թվում առանձնացրել է առողջապահական խնդիրները:
«Այդ ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել մեկ լաբորատոր հետազոտություններ անող մեքենա: Այդ մեքենան օգտագործում են նաև գյուղական համայնքներում՝ մեծ գյուղերում շաբաթական երկու անգամ, փոքր գյուղերում՝ մեկ անգամ: Հատկապես այս պայմաններում, երբ շատ սուղ է վառելիքի ձեռբերման հարցը, և մեր հայրենակիցները չեն կարողանում տեղափոխվել շրջկենտրոն կամ մայրաքաղաք, շատ ողջունելի է այս ծրագիրը: Առաջիկայում նախատեվում է ևս երկու բրիգադ ձեռք բերել Ասկերանի և Մարտակերտի շրջանների համար»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը:
Մանգասարյանի խոսքով՝ ոչ ոք Արցախից դուրս գալու մտադրություն անգամ չունի, Արցախում անկախության սերունդն է:
«Ծնվելուց հետո անկախ, ազատ, հզոր երկրում ենք ապրել և ամեն ինչ անելու ենք իրավիճակը փոխելու համար: Հիմա ՀՀ կառավարությունը հայտարարում է՝ կարևոր է Արցախի բնակիչների անվտանգության հարցը: Այսինքն, Արցախը դարձել է այլ երկրի մաս, արցախցիներն էլ՝ սփյուռքահայեր են: Նույն բանն է, երբ ասենք, օրինակ, Կալիֆոռնիայում հայերի անվտանգության հարցը պետք է ապահովենք:
Իհարկե՛, պետք է ապահովենք, բայց Արցախը ոչ թե Սփյուռքի մի մաս է, արցախցին ոչ թե սփյուռքահայ է, այլ Արցախը պետականություն, Սահմանադրություն ունեցող երկիր է»,-շեշտել է նա:
Մանգասարյանը նկատում է՝ թեպետ երկու հանրապետություն ունենք, բայց, մեկից ձեռքներս լվանալով՝ մտածում ենք, թե կարող ենք մյուսը փրկել կործանումից: «Եթե Արցախից հրաժարվենք, հաջորդը Հայաստանի ու Սյունիքի խնդիրն է դրվելու, որովհետև թշնամին չի կշտանում: Ախորժակը բացվում է ուտելու ընթացքում:
Այս պահին Արցախում շուրջ 30 000 երեխա կա ու 20 000 կենսաթոշակային տարիքի անձ: Հիմնականում, նկատել եմ, շեշտում են 120 000 բնակիչների մասին, բայց կցանկանայի չտարանջատել 2020 թվականին Արցախից բռնի տեղահանվածներին, ովքեր Լաչինի՝ փակ լինելու պատճառով զրկվել են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից: Շրջափակումը ազդել է ոչ միայն Արցախում բնակվող 120 000-ի վրա, նաև բռնի տեղահանված շուրջ 20 000 արցախցու վրա, որոնք չեն կարողանում վերդառնալ հայրենիք»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: