Մենք անպայման կվերադառնանք տուն՝ Արցախ․ Միքայել Հաջիյան
24 Սեպտեմբերի 2024, 15:00
Մենք անպայման կվերադառնանք տուն ու կվերականգնենք մեր անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետությունը։ Այս մասին այսօր Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշարձանի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց մտավորական, Արցախյան պատերազմներում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջիյանը:
«Ես դիմում եմ մեր բոլոր այն տղաներին, որոնք մնացել են Ստեփանակերտում, մայր հողում, ում հոգիները սավառնում են Արցախի երկնքում՝ սպասումով լի, վստահությամբ, որ մենք բոլորս անպայման պիտի վերադառնանք ու տեր կանգնենք մեր հայրենի հողին, տեր կանգնենք արցախյան քաղաքակրթական արժեքներին։ Ես հավատացնում եմ տղաներին՝ տղերք ջան, մենք ձեզ հետ ենք, մենք անպայման վերադառնալու ենք։ Ես հավատացնում եմ ձեզ, դա երազանք չէ, դա նպատակ է, նպատակ, որը պարտադիր իրականացման է ենթակա»,- նշեց Հաջիյանը:
Նա հանդես եկավ կոչով՝ խնդրելով համախմբված լինել, քանի որ միայն այդպես կարող են ազատագրել Արցախը:
«Ես դիմում եմ այստեղ հավաքվածներին՝ ժողովուրդ ջան, եկեք, անկախ յուրաքանչյուրիս կուսակցական և այլ պատկանելությունից, համախմբված լինենք, եկեք սոցիալական ցանցերը չլցնենք պառակտող նյութերով, եկեք իմանանք, որ միայն միասնաբար կարող ենք իրագործել մեր գլխավոր գերագույն նպատակը՝ Արցախի ազատագրումը և Արցախ մեր արժանապատիվ վերադարձը»,- ասաց նա։