«Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկման մեխանիզմներ». Ռոբերտ Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 11:59

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը այսօր խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր մամուլի ասուլիսում։

«Ի՞նչ խաղաղության մասին է խոսում այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսում է խաղաղության մասին, որը մեծապես կախված է մեկ մարդու տրամադրությունից։ Այդ խաղաղությունը կախված է Ալիևի տրամադրությունից, որովհետև այդ փաստաթղթերում և ընդհանրապես որևէ տեղ չկան երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, որոնք կսահմանեն՝ խախտման դեպքում ինչ է տեղի ունենում։ Այսպես կոչված խաղաղությունը ամբողջությամբ կախված է մեկ մարդու խղճից։ Այդ մարդը կարող է մի օր վատ երազ տեսնել, կարող է մի օր այլ բան պատահել, կարող է որոշել, որ այս խառնաշփոթ աշխարհում կարելի է լուծել Զանգեզուրի հարցը», — նշել է նախագահը։

Հարցին, թե ինչ այլընտրանք է առաջարկում երկրորդ նախագահը, նա պատասխանել է.

«Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկման մեխանիզմներ։ Ոչ ոք դեմ չէ խաղաղությանը, բայց այն պետք է ունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն պայմանագրերի կատարման համար։ Ոչ թե պարզապես վկաներ կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավորություն չկա»։

Հիմա եթերում