Մենք Արցախի մասն ենք, այն միշտ կմնա մեր սրտերում, այն կորցնել հնարավոր չէ. Արուսյակ Ամարյան

22 Դեկտեմբերի 2023, 13:21

Քաղաքականություն

Անհնար է կորցնել Արցախը, քանի որ Արցախը ժողովուրդն է, և այն միշտ կմնա հայերի սրտերում։

Այս մասին Alpha News-ի եթերում ասել է հեռուստահաղորդավար, հոգեբան և բլոգեր Արուսյակ Ամարյանը։

Բլոգերը նշել է, որ շուրջ 400 հազար ռուբլի է հավաքվել արցախցի ընտանիքներին օգնելու համար՝ ընդգծելով, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում էլի դրամահավաք կազմակերպել: Նրա խոսքով, սեպտեմբերի 19-ի իրադարձությունները հանգեցրին մեծ հումանիտար ճգնաժամի։

«Եթե մարդիկ կարծում են, որ այս ամենն ավարտված է, ապա նրանք խորապես սխալվում են։ Ես դեռ հաղորդագրություններ եմ ստանում, մենք դեռ օգնում ենք մարդկանց»,- ասել է նա:

Ըստ Ամարյանի՝ Հայաստան եկած շատերին դեռ անհրաժեշտ է առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սպասքից մինչև մանկական տակդիրներ։

«Մենք ապրում ենք հարմարավետության գոտում, և մեզ համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող եք բոլոր անհրաժեշտ իրերը հավաքել մեքենայի մեջ, որտեղ արդեն չորս մարդ է նստած, և գնալ այլ երկիր», — ավելացրել է նա:

Պատասխանելով հարցին, թե հայերը կորցրե՞լ են Արցախը, Ամարյանն ասել է, որ դա անհնար է.

«Քաղաքական տեսանկյունից չգիտեմ, բայց մարդկային տեսանկյունից մենք Արցախը չենք կորցրել, որովհետև Արցախը ժողովուրդն է, մենք ենք: Մենք Արցախի մասն ենք, այն միշտ կմնա մեր սրտերում: Արցախը կորցնել հնարավոր չէ»,- եզրափակել է նա։