Մենք այս տարածաշրջանի տերերն ենք, ոչ թե հյուրեր կամ զավթիչներ. Էրդողան
19 Սեպտեմբերի 2025, 16:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ֆեյսբուքյան էջում նոր հայտարարություն է տարածել՝ կապված տարածաշրջանում Թուրքիայի դերի հետ:
«Մենք դարերով տիրել ենք այն հողերին, ուր մեզ վրա հարձակվողները եկել են ընդամենը երկու-երեք սերունդ առաջ։ Որտեղ էլ մեր դրոշը ծածանվի, մենք խաղաղություն և անդորր ենք բերում։ Այս տարածաշրջանում մենք ո՛չ հյուր ենք, ո՛չ զավթիչ, մենք տերերն ենք։ Մենք այստեղ ենք արդեն հազար տարի և Աստծո կամքով կմնանք մինչև Դատաստանի օրը»,- գրել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի դեմ ուղղված բոլոր ծրագրերը ձախողվելու են։ «Կայսերական և սիոնիստական արյունարբու ուժերը չեն հասնի իրենց նենգ նպատակներին։ Աստծո օգնությամբ մենք ուժ և հեռատեսություն ունենք՝ տապալելու ցանկացած ծրագիր»,- հավելել է նա։
Էրդողանը նաև կարևորել է ազգային միասնությունն ու համերաշխությունը. «86 միլիոն բնակչությամբ նորից կտապալենք այդ ծրագրերը՝ ամուր հենվելով մեր եղբայրության, միասնության և համաձայնության վրա»։ Նա կոչ է արել պահպանել հանդուրժողականության և կարեկցանքի լեզուն՝ վստահեցնելով, որ Թուրքիան «կհասնի իր նպատակին՝ դառնալով ահաբեկչությունից զերծ երկիր»։