«Մենք բոլորս Գայանե ենք». քաղաքացիները քայլերթով շարժվում են Հանրապետության հրապարակ

20 Մայիսի 2023, 17:50

Հայեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Նրան անմիջապես տեղափոխել են կալանավայր։
Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ Գայանե Հակոբյանն այժմ գտնվում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում: Պաշտպաններին նույնիսկ հնարավորություն չեն տվել վճիռը փոխանցել իրենց վստահորդին ու ծանոթացնել դատարանի որոշմանը:
Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո որդեկորույս ծնողին ազատ արձակելու պահանջով քաղաքացիները երթով շարժվել են ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների մոտ հայտարարելով, որ Գայանե Հակոբյանը քաղբանտարկյալ է:

«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»,«Ամո՛թ» «Նիկոլ, դավաճան»՝ բացականչություններով ակցիայի մասնակիցները, որոնց թվում էին նաև զոհված զինծառայողների հարազատները, պահանջել են ազատ արձակել կալանավորված կնոջը:

Երթի ընթացքում փակվել են մի քանի փողոցներ, այդ թվում Ֆրանսիայի հրապարակը, Մաշտոցի պողոտան: Ակցիան այս պահին շարունակվում է, երթի մասնակից զոհված զինծառայողների ծնողները ուղղություն են վերցրել դեպի Հանրապետության հրապարակ: Փողոցներում նրանց աջակցություն են հայտնում մի շարք անցորդներ ու միանում երթին:

«Երկրում չկա իրավական համակարգ. այն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքին է, որը անհիմն գործ է կարել մի կնոջ դեմ, որի որդին իր կյանքն է նվիրել իր հայրենիքին», — ասել է 44-օրյա պատերազմում զոհված մեկ այլ զինծառայողի Ժորա Սահակյանի հայրը Վահիդ Սահակյանը:

Հիշեցնենք զոհված զինծառայողի մայրը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանի, «առևանգման» փորձի գործով։

Պաշտպանական կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը պայմանով, որ հնարավորություն կտրվի նրան պարբերաբար այցելել Եռաբլուր, վարչական հսկողությունը Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը, գրավը ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ: Երաշխավորություն ստանձնելու պատրաստակամություն էին հայտնել ՀՀ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և դերասան Հրանտ Թոխատյանը։

Գայանե Հակոբյանն ունի առողջական խնդիրներ, սակայն արդեն երրորդ օրն է նա հացադուլ է իրականացնում: