Մենք գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն ենք տեսնում․ Ջեյմս Օ՛Բրայեն

11 Հունիսի 2024, 13:40

Քաղաքականություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ երկկողմ առևտուրն ընդլայնելու, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ է տեսնում։ Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ուրախ եմ տեսնել այսպիսի ներկայացուցչական պատվիրակություն մեր երկու կողմերում։ Սա ի ցույց է դնում մեր լայն օրակարգը, որի շուրջ կողմերն աշխատում են։ Սա ցույց է տալիս Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև արագ զարգացող փոխգործակցությունը։ Ես այստեղ եմ վերահաստատելու մեր ամուր աջակցությունը տարբեր ուղղություններով։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Ազդեցիկ ջանքեր են իրականացվել բարեփոխումների ուղղությամբ, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կտրվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում։ ԱՄՆ-ն հպարտ է աջակցել այս ջանքերին»,-նշեց Օ՛Բրայենը։

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձևավորել է աշխույժ տնտեսություն, որը տարածաշրջանում աչքի է ընկնում իր զարգացման տեմպերով։ «Ապրիլի 5-ին, երբ Բրյուսելում քննարկումներ ունեցանք վարչապետ Փաշինյանի և պետքարտուղար Բլինքենի մասնակցությամբ, մենք երկկողմ առևտրի ընդլայնման մեծ հեռանկար, ինչպես նաև գլոբալ առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություններ տեսանք։ Մեր երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ոլորտում, սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, բիզնեսի համար կդյուրացնի առևտուրն առաջիկա տարիներին։ Սա այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում»,- մանրամասնեց ԱՄՆ փոխպետքարտուղարը։