Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, որ մեր ծրագրերի համար կրենք բացարձակ պատասխանատվություն. Գևորգյան

24 Փետրվարի 2026, 19:45

Քաղաքականություն

Եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին նշանակված ընտրություններին մասնակցել միայնակ՝ առանց այլ կուսակցությունների:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գնում ենք բացարձակ հաղթանակի: Իհարկե, ժողովուրդն է որոշելու, թե որ ուժն ինչքան ձայնով է մտնելու խորհրդարան: Ընտրությունների արդյունքներին համապատասխան կլինեն հայտարարություններ, բայց մենք պետք է ծանոթանանք Ազգային ժողով անցած քաղաքական ուժերի ծրագրերին, գաղափարներին, որ հասկանանք, թե ինչպես ենք շարունակելու գործակցությունը: Այս պահին կարող եմ ասել, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի: Ընտրությունների արդյունքներից կախված քաղաքական այս կամ այն ուժը խուսափում է պատասխանատվությունից, լավի դեպքում փորձում են կիսել այդ պատասխանատվությունը, վատի դեպքում՝ խուսափել դրանից: Մենք պատասխանատու ենք մեր ծրագրերի համար և գնում ենք բացարձակ հաղթանակի, որպեսզի մեր ծրագրերի համար կրենք բացարձակ պատասխանատվություն»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը:

Ներկայացնելով կուսակցության տնտեսական 5 քայլերը, որոնք քաղաքական ուժն ընտրվելու դեպքում խոստանում է իրականացնել 5 տարվա ընթացքում, Անդրանիկ Գևորգյանն ասել է, որ դրանք իրականացվելու են հմուտ և փորձառու կառավարիչների շնորհիվ:

«Մեր ժողովուրդն ունենալու է աշխատատեղ, կարողանալու է օգտվել էժան դեղորայքից, պետական աջակցությամբ մատչելի բնակարաններ ձեռք բերել, փոքր բիզնեսն ազատվելու է հարկերից, մթերման կայաններ են ստեղծվելու: Սա շաղկապակցված տնտեսական ծրագիր է, որը բարելավելու է մեր ժողովրդի կյանքը: Այն, ինչ ներկայացնում ենք մենք, հաշվարկված է: Սամվել Կարապետյանի կողմից երաշխավորված տնտեսական այս 5 քայլերը իրականություն են դառնալու»,- ընդգծել է Գևորգյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահ է, որ Հայաստանին պետք է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, դրան այլընտրանք չկա:

«Մեր առաջնորդի կողմից երբևէ չի եղել մի վեկտորին առաջ տանելու համար մյուսին հարվածելու մոտեցումը: Միշտ եղել են արտաքին քաղաքականությունը բալանսավորելու վերաբերյալ հայտարարություններ, միակենտրոն հայտարարություններ չեն եղել: Հայաստանը պետք է բազմավեկտոր հարաբերությունների շղթա ունենա: Պետք է երաշխավորված դաշնակիցներ լինեն, պետք է երաշխավորված խաղաղություն լինի, պետք է երաշխավորված հարաբերություններ լինեն, սրանք իրականացնելու համար քաղաքական ուժը պետք է քաղաքական կամք և պոտենցիալ ունենա, իսկ դա հնարավոր է միայն ուժեղ առաջնորդի և բանակցողի դեպքում: Թույլ իշխանության դեպքում չեն կարող բազմավեկտոր քաղաքականություն վարել, մենք տեսնում, լսում ենք գործող իշխանության հայտարարությունները և գործողությունները, որոնք չեն համընկնում իրար»,- ասել է Անդրանիկ Գևորգյանը: