Մենք գնում ենք փոխադարձ օտարման ճանապարհով. Անդրեյ Արեշևը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

11 Հոկտեմբերի 2023, 23:35

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը՝ Հայաստանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ, և նշել, թե ուր են գնում հայ-ռուսական հարաբերությունները։

«Ինձ թվում է, որ Ադրբեջանը ուշադիր հետևում և վերլուծում է ռուս-հայկական հարաբերությունների դինամիկան և Մոսկվայի ու Երևանի միջև աճող օտարման գործընթացը, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական հարթությունում: Սա, ինչպես գիտենք, հանգեցրեց նրան, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Արարատ Միրզոյանը հրաժարվեցին Բիշքեկ այցելել՝ ԱՊՀ երկրների ղեկավարների և ԱՊՀ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ինձ թվում է՝ Բաքուն դա լավ է հասկանում։

Գոհ չլինելով այն հարթակներից, որտեղ այս կամ այն կերպ քննարկվում են հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ ոչ միայն ռուսական, այլ նաև եվրոպական եւ արևմտյան, հայտարարության երկրորդ մասն է բխում՝ դժգոհություն Փարիզի դիրքորոշումից, ինչն արդեն ավանդական է դարձել։

Ամբողջությամբ գիտակցելով Հայաստանի ներկայիս ղեկավարության թուլությունը՝ Բաքուն, իրեն բնորոշ հարձակողական ոգով, ձևավորում է որոշակի ձևաչափեր, որոնք շահավետ և նախընտրելի կլինեն հատկապես Ադրբեջանի համար՝ հուսալով, որ բարդ իրավիճակում հայտնված հայկական կողմը կհամաձայնի դրան։ Եվ դա համապատասխանում է Բաքվի դիվանագիտության վերջին տարիների ավանդական ոճին»,- ասել է փորձագետը։

Մեկնաբանելով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ծագած չհասկացվածությունը, Անդրեյ Արեշևը կարծում է, որ այն բացասաբար կանդրադառնա երկու երկրների տնտեսությունների վրա։

«Ռուս-հայկական հարաբերությունները գնում են դեպի օտարում: Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից վերջին շրջանում ձեռնարկված ոչ բարեկամական քայլերին, մասնավորապես՝ Ազգային ժողովի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, այսպես թե այնպես կպատասխանեն Մոսկվայում։ Վախենամ, որ մենք կշարունակենք շարժվել փոխադարձ օտարման և չհասկացվածության ճանապարհով։ Սա կարող է բացասաբար անդրադառնալ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Եվ, իհարկե, ցանկացած բացասական երեւույթ ակնթարթորեն կտարածվի երկու կողմերի սադրիչների կողմից։ Նրանց թիվը բավական է, և դա լուրջ անհանգստություն է առաջացնում»,- եզրափակել է Արեշևը։

Հիմա եթերում