Մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, չենք կարող այն սառեցնել. ՀՀ ֆինանսների նախարար
31 Հոկտեմբերի 2023, 15:47
Չեմ հասկանում բյուջեն սառեցնելը, որովհետև մենք հասանելիություն չունենք ԼՂ բյուջեին, որ սառեցնենք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Մենք ունենք գումարներ, որը տրամադրում ենք իրենց: Այդ գումարների գերակշիռ մասը, որն այս տարվա համար նախատեսված է, արդեն տրամադրվել է ԼՂ-ին: Մինչև սեպտեմբեր մենք արդեն տրամադրել էինք ամբողջ գումարի մի զգալի մասը: Մենք չենք զբաղվում ԼՂ-ի դրամական հոսքերի պլանավորմամբ, ԼՂ ֆինանսների նախարարությունն է տնօրինում այդ գումարը, իրենք են որոշել՝ երբ, որքան այդ գումարից կվերցնեն և կծախսեն որոշ հարցերի վրա»,-ասել է նա։
Հիշեցնենք, Արցախի Հանրապետության կառավարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում: