Մենք Հայաստանը պաշտպանելու խնդիր չունենք, մենք երաշխավորված պաշտպանելու ենք Հայաստանը. Սերգեյ Կառնաուխով
02 Օգոստոսի 2023, 17:48
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս փորձագետ Սերգեյ Կառնաուխովը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման դեպքում տարածաշրջանում Ռուսաստանին ազգային շահերին կործանարար հարված կհասցվի:
«Երկու խոսք Ուկրաինայի մասին, թե ինչու մենք դեռ չենք փոխում կարգավիճակը։ Որովհետև կա Հատուկ ռազմական գործողություն, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ սա մեծ մայրցամաքային պատերազմ է, որում Ռուսաստանի դեմ կռվում են ավելի քան 50 երկրներ։ Տեսել եմ, թե ինչպես են լատինամերիկյան վարձկանները վիճում ուկրաինացի վարձկանների հետ: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ սա միջազգային ահաբեկչական խմբավորում է, որ կռվում է Ռուսաստանի դեմ։ Չնայած լարվածությանը, չնայած զոհերին, չնայած շփման գծում ընդհանուր առմամբ ծանր օպերատիվ մարտավարական իրավիճակին, Ռուսաստանը չի փոխում կարգավիճակը։ Ինչո՞ւ։
Որովհետև, գլոբալ առումով, Ռուսաստանի համար, մերռազմարդյունաբերական համալիրի, մեր երկրի համար, այս հակամարտությունը, այդուհանդերձ, լոկալ բնույթ է կրում։ Սա պետք է հասկանալ, որովհետեւ, եթե դիտարկենք այն զինված ուժերի քանակը, որոնք ներկայումս մասնակցում են ուկրաինական հակամարտությանը, կարող ենք ասել, որ այս գործողության մեջ ներգրավված ուժերը մեր զինված ուժերի միայն մի փոքր մասն են։
Սա նշանակում է, որ Ռուսաստանի ներուժը բոլորովին այլ է։ Դրա մասին չպետք է դատել ռազմական թղթակիցների, վերլուծաբանների տեքստերով, ովքեր անընդհատ խուճապ են տարածում իրենց տելեգրամյան ալիքներում։ Ռուսաստանը մեծ միջուկային տերություն է՝ վիթխարի պաշտպանական եւ այլ ներուժով։ Մենք Հայաստանը պաշտպանելու խնդիր չունենք, մենք երաշխավորված պաշտպանելու ենք Հայաստանը:
Բայց պետք է հասկանալ, որ նման իրավիճակներում այլ կերպ են վարվում։ Կարելի է պատկերացնել, որ Փաշինյանն առավոտյան արթնանում է, գնում խորհրդարան, օպերատիվ նիստի ժամանակ պայմանավորվում են, մինչև ճաշը որոշում են, որ Արցախը Հայաստանի մաս է։ Երեկոյան սկսվում է ռազմականացումը, սկսում են զորքեր մտցնել, բնականաբար, բախումներ են սկսվում միջանցքում և այլն։ Բայց դա տեղի չի ունենում: Փաշինյանը պետք է գա ՌԴ նախագահ Պուտինի մոտ ու ասի, որ ինքը քաղաքական որոշում է կայացրել, այսպես կվարվի:
Սա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ առջեւում պատերազմ է է սպասվում Իրանի դեմ։ Այս պատերազմում, բնականաբար, մի քանի ներուժ կմիավորվի, ներգրավվելու են Թուրքիայի, Ադրբեջանի, այլ երկրների ռեսուրսները: Ռուսաստանին դա թույլ տալ պետք չէ, Մերձավոր Արևելքում մեզ մեծ հակամարտություն պետք չէ: Հիմա դա հնարավոր է կասեցնել, եթե մի քանի հետևողական քայլեր անենք՝ Արցախը միավորենք Հայաստանին։ Մենք կարող ենք խաղաղապահներին բոլորովին այլ զորակազմով ներգրավել, այլ մասշտաբով։
Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է և՛ քանակապես, և՛ որակապես փոխել Ռուսաստանի ներկայության ձևաչափը Հայաստանի և Արցախի տարածքում, մենք պետք է ունենանք մանդատներով սահմանված իրավունքներ խաղաղապահների համար, որոնք կարող են կրակ բացել սադրիչ ուժերի ուղղությամբ: Կադրեր կան, չէ՞, որոնցում երևում է՝ հայ դիրքապահների ուղղութամբ ականանետ կիրառող ադրբեջանցուն խաղաղապահը ասում է. «Մի՛ արա, խնդրում եմ, մի՛ կրակիր»։
Կներեք, սա խաղաղապահների գործառույթ չէ։ Մեր խաղաղապահը մեկ անգամ պետք է նախազգուշացում անի, երկրորդ անգամ մեր խաղաղապահը պետք է օդ կրակի, երրորդ անգամ պետք է կրակի հակառակորդի կենդանի ուժին։ Վերջակետ: Նման մանդատով այս տարածքում կարգուկանոն կհաստատվի, իսկ դրա համար պետք է գալ եւ աշխատել։ Փաշինյանը պետք է գա Մոսկվա և սկսի լուծել այս խնդիրը։ Դա միակողմանի չի արվում, երբ առավոտյան արթնացար, գործծած սխալներիսկսեցիր թղթեր գրել, երբ արյունալի մարտեր են, երբ ամեն րոպե երկու կողմից էլ հսկայական թվով զինծառայողներ են զոհվում…։
Եվ հետո, երկու կողմերն էլ կսկսեն գրել, դիմել Պուտինին՝ խնդիրը լուծելու խնդրանքով։ Դա այդպես չի արվում: Ես ձեզ ասացի մեխանիզմը։ Այսինքն, եթե Փաշինյանը պատրաստ է մեծ քաղաքական խաղեր խաղալ, պետք է հենց հիմա սկսի, ոչ թե ժամանակ կորցնի։ Ի դեպ, ժամանակ չի մնացել»։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը լավ գիտի, որ Հայաստանում ստեղծված քաղաքական վակուումի պայմաններում ունի տարածքներ զավթելու հնարավորությունն։ Բայց սա բավական չէ, հետո նա ջախջախիչ պարտություն կհասցնի տարածաշրջանում Ռուսաստանին ազգային շահերին՝ կբացի Զանգեզուրի միջանցքը՝ կտրելով Իրանին ցամաքային ճանապարհով մատակարարելու հնարավորությունից։ Սա Թուրանի գաղափարախոսների երազանքն է, որը մեծապես սպառնում է Ռուսաստանի և Չինաստանի շահերին։
«Որովհետև, եթե նրանց հաջողվի դա անել, ապա հաջորդ քայլը կլինի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի հետ կապ հաստատելու փորձը: Այնուհետև խաղում է Մեծ Բրիտանիան՝ իր հետախուզական ծառայություններով, քանի որ սա նրանց սցենարն է։ Իսկ հետո Չինաստանը, որն այսօր գտնվում է Թայվանի հետ պատերազմի շեմին, հյուսիսում հզոր օջախ կստանա։ Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը, ինչպես իրենք են անվանում, մի տարածք է, որտեղ ապրում են հսկայական թվով մարդիկ, որոնք զգում և գիտակցում են, որ իրենք Մեծ Թուրանի մասն են։
Ահա , թե ինչի մասին է խոսքը, ուստի Ռուսաստանի համար այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, գլոբալ խնդիր է։ Եվ, արդեն տակտիկական տեսանկյունից՝ այստեղ եւ հիմա, սա սպառնալիք է մեր շահերի համար։ Մեկ այլ հարց է, թե ի՞նչ ենք արել մենք։
Դե, այստեղ ես միայն իմ կարծիքը կասեմ՝ մենք չափից դուրս լոյալ դիրք ենք բռնել, պետք է ճնշում գործադրենք և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի վրա, քանի որ մի իրավիճակում կհայտնվենք, երբ Հարավային Կովկասում իսկապես կսկսվի արյունահեղություն: Նորից եմ ասում՝ շատ, շատ քիչ ժամանակ է մնացել»,- ընդգծել է Կառնաուխովը։