Մենք ի գիտություն ենք ընդունում,որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում․ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

17 Օգոստոսի 2023, 01:16

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գտնում է, որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար Հայաստանն ու Ադրբեջանը պիտի գնան փոխզիջումների։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը։

«Անհրաժեշտ է, որ կողմերը շարունակեն բանակցությունները՝ միտված այս հակամարտության տևական խաղաղ լուծմանը։ Այս քննարկումների համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լինեն ճկուն, գնան փոխզիջումների, հստակ ասեմ՝ խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի պաշտպանություն ԼՂ-ում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության։ Բանակցությունները կենսական դեր ունեն մնայուն խաղաղության հասնելու գործում։ Մենք աջակցում ենք ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,-ասել է նա։

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, որ փակված է Լաչինի միջանցքը, կարևորագույն ապրանքների մատակարարումը ընդհատված է և ծանրացել է մարդասիրական վիճակը։ ԱՄՆ ներկայացուցչի համոզմամբ՝ պարենի, դեղորայքի, մանկական կերի և էլեկտրաէներգիայի հասանելիությունը չպիտի խափանվի։

«Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, առևտրային, մարդասիրական, անձնական տրանսպորտային միջոցները պետք է հասցվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Մենք ի գիտություն ենք ընդունում,որ հնարավոր է փոխզիջումների գնալ այլ լրացուցիչ ուղիների հարցում՝ մարդասիրական մատակարարումների համար։ Չեզոք, անկողմնակալ, մարդկային և անկախ մարդասիրական հասանելիությունը և աջակցությունը չպետք է խոչընդոտվի, վերջակետ»,- եզրափակել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստը հրավիրվել է Հայաստանի կառավարության պահանջով։ Պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը: