«Մենք «Ինտերն» ենք, և մեր նպատակը գավաթներ նվաճելն է». Հենրիխ Մխիթարյան

15 Օգոստոսի 2024, 16:20

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մարասսի» մարզադաշտում «Ջենոա»-ի դեմ Ա Սերիայի նոր մրցաշրջանի առաջին խաղից երեք օր առաջ հարցազրույց է տվել «La Gazzetta dello Sport»-ին։

«Մենք պետք է ամեն ինչ լավ անենք և համակարգված աշխատենք, նույնիսկ եթե շատ խաղացողներ տարբեր ժամանակահատվածներում են եկել։ Բոլորն ամեն ինչ անում են լավ մարզավիճակ ձեռք բերելու և նոր մրցաշրջանը լավագույնս սկսելու համար։ Ոչ ոք չի ուզում հետ մնալ:

Մենք «Ինտեր»-ն ենք, և մեր նպատակը գավաթներ նվաճելն է։ Մենք կաշխատենք, որ կրկին նվաճենք Սկուդետտոն։ Ընդհանրապես, մենք ցանկանում ենք ավելիին հասնել, քան նախորդ մրցաշրջանում։ Ուստի նպատակը Չեմպիոնների լիգայում էլ ավելի առաջ գնալն է։ Այնուհետև կա աշխարհի ակումբային առաջնությունը: Այն դեռ հեռու է, բայց դրա մասին մտածելը շատ կարևոր է», — նշել է Մխիթարյանը։

Նա նաև նշել է, որ ակումբը 3 նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրել՝ Տարեմին, Զելինսկին և Մարտինեսը, որոնք, ըստ Մխիթարյանի, կօգնեն նրանց ողջ մրցաշրջանի ընթացքում։

«Մեր ուժն այն է, որ մենք թիմ ենք, որտեղ բոլորը խաղալու հնարավորություն ունեն: Եթե օգնենք միմյանց, ապա կարող ենք հաղթել խաղերում։ Մենք չենք պատրաստվում գլուխներս կորցնել, գիտենք, որ նախորդ մրցաշրջանում երկրորդ աստղն ենք նվաճել, բայց դա բավարար չէ: Ավելի դժվար կլինի, քանի որ ճնշումն ավելի մեծ կլինի: Ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա մեզ վրա։ Առանց քրտնաջան աշխատանքի մենք ոչ մի տեղ չենք հասնի, քանի որ Սկուդետտոն նվաճելու այլ տարբերակ չկա: Եվ մենք բարձր մոտիվացիա ունենք», — հավելել է Հենրիխ Մխիթարյանը: