Մենք կարող ենք մեծ օգուտ ունենալ ԱՄՆ-ից, բայց դրա համար նախ պետք է խելքի գանք․ Պետրոս Հաջյան

30 Նոյեմբերի 2024, 00:15

Կարծիք | Քաղաքականություն

Մենք՝ հայերս պետք է մեր իրավունքները պաշտպանենք, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ կամ մեկ այլ երկրի հրամանը կատարենք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է համայնքային գործիչ, աստվածաբան Պետրոս Հաջյանը։

«Մինչ օրս ես չեմ հասկանում, թե հայերը ինչ են ուզում, և որն է նրանց շահը։ Հայերը շատ հեռու են քաղաքականությունից։ Մենք սեփական գիտակցում, գաղափարախոսություն չունենք, վստահում ենք մեկ այս ուժին, մեկ այն ուժին։ Ինքնիշխանությունն այն մասին է, որ մենք մեր իրավունքները պետք է պաշտպանենք, ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հրամանը կատարենք։ Քանի դեռ դա մեր միջից չենք հանել, արդյունքի չենք հասնի։ Հայաստանի փրկությունն առաջին հերթին պահանջատիրության և պատերազմի մեջ է»,- ասել է Հաջյանը։

Նա իր խոսքում ընդգծել է՝ հայերը պետք է գիտակցեն, որ Թրամփն ընտրվել է, և պետք է հարաբերություններն այնպես կառուցել, որ նա գործի նաև ի նպաստ Հայաստանի։

«Հայ դեմոկրատները նշում են, թե Թրամփը հանձնեց Արցախը, բայց Թրամփը նախագահ չէր այդ ժամանակ։ Կարծում եմ՝ նման հայտարարություն անող հայերը ընտանիքի թշնամիներ են։ Մենք կարող ենք մեծ օգուտ ունենալ ԱՄՆ-ից, բայց դրա համար նախ հայերը պետք է խելքի գան, խոսքը Թրամփին դեմ մարդկանց մասին է։ Պետք է գիտակցել, որ նա է նախագահ ընտրվել, և պետք է ամեն բան անել, որ մեզ օգտակար դառնա։ Իսկ այդ ամենին հասնելու համար առաջնային պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Նա ՀՀ-ի համար ամենավտանգավոր մարդն է։ Մենք պետք է ամեն բան անենք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Ադրբեջանը միլիոններ է ծախսում իրեն առաջ տանելու համար, իսկ մենք ոչինչ, թեև այդ գումարներն ունենք»,- եզրափակել է Հաջյանը։

Հիմա եթերում