Մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու և չենք բանակցում. Միրզոյան
05 Հունիսի 2023, 13:47
Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Միակ բանը, որ մենք փորձում ենք անել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետևյալն է․ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական ու ամբողջական չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում երկխոսության մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել, քննարկել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարեւոր են ԼՂ ժողովրդի եւ նրա ապագայի համար: Մենք ԼՂ կարգավիճակի շուրջ չենք բանակցում եւ այդպիսի հավակնություն չունենք:
Որևէ մեկը չի ժխտում, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր: Դրա մասին են վկայում բլոկադան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազամատակարարման խափանումները եւ այլ հարցեր։ Դրանք պետք է քննարկվեն ու հասցեագրվեն, ո՛չ մեր կողմից, այլ ԼՂ ժողովրդի կողմից ընտրված մարմինների ու լիազոր ինստիտուտների կողմից: Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեկնարկը, հարթակը»,- ասել է Միրզոյանը։