Մենք մեզ այնքան անպաշտպան ենք զգում ներկայիս իշխանության օրոք․ Գայանե Ասլամազյան
20 Հուլիսի 2024, 00:06
Այս իշխանության օրոք մենք մեզ անպաշտպան ենք զգում։ Alpha News-ի ուղիղ եթերում ասել է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Շատ ցավում եմ, որ մեր երկիրը այնպիսի իրավիճակում է, մեր երկրի ղեկավարներն այնքան ապիկար են, որ յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է զբաղվել քաղաքականությամբ, ավելի լավ տիրապետել այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում՝ փոխարենը չանելով այն գործը, որ պիտի անի, իր մասնագիտությունն է։ Մենք մեզ այնքան անպաշտպան ենք զգում ներկայիս իշխանության օրոք, որ ստիպված ենք այդ ամենի մեջ խորանալ, հետաքրքրվել ու տեսնել այն բոլոր տենդենցները աշխարհում, որ տեղի են ունենում»,- ցավով նկատել է Ասլամազյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր մեղավոր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ուշադրություն չէր դարձնում Հայաստանի վրա։
«Բազմիցս լսել եմ այդ արտահայատությունը, որ եթե Դոնալդ Թրամփը այս անգամ ընտրվի, ապա հայերի համար շատ վատ կլինի։ Ես հասկանում եմ, որ 2020թ․ պատերազմական իրավիճակը Թրամփի հետ են կապում, բայց եկեք չմոռանանք, որ այդ ժամանակահատվածն արդեն ընտրական փուլ էր ԱՄՆ-ում և Հայաստանը այդ պահին Թրամփի իշխանության համար բավականին հետին պլանում էր գտնվում։
Այդ հետաքրքրությունը պետք է առաջացնեին մեր իշխանությունները։ Բայց հիշում ենք, որ նրանք ընդհանրապես լռում էին, միայն ստելով իրենց սեփական ժողովրդին ու աշխարհին՝ ասուն էին, որ հաղթում են,ամեն ինչ լավ է, օգնության կարիք չունեն։ Եթե քո երկրի ղեկավարը ճիշտ չի իրեն պահում նման իրավիճակում, մեղադրել այլ երկրի ղեկավարին, որ զբաղված էր սեփական երկրի ընտրություններով, կարծում եմ, անարդար է»,- եզրափակել է Գայանե Ասլամազյանը։