Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար. ԱՄՆ պետքարտուղարություն

05 Ապրիլի 2024, 12:25

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։

«Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրին դարձնելու համար»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։