Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը. Օսմանյան կայսրության հայ բնակչությունը հրաժարվեց կրոնափոխ լինել և զոհվեց. Նարեկ Կարապետյան

10 Նոյեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում խոսել է հավատքի ամրության մասին.  «Երբ սկսվեց պատերազմը Անտանտի պետությունների և Օսմանյան կայսրության (ինչպես նաև Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի) միջև, օսմանյան բանակը գնաց կայսրության բոլոր հայկական գյուղերն ու քաղաքները և երկու հարց տվեց բնակիչներին։

Առաջին հարցն էր՝ «Կընդունե՞ք իսլամը»։ Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ 98 տոկոսը մերժեց ՝ ասելով «ո’չ»։

Երկրորդ հարցն էր՝ «Եթե չընդունեք իսլամը, ապա կուղարկվեք Դեր Զորի անապատ»։ Դա մոտ 600–800 կիլոմետր հեռու էր Հայկական լեռնաշխարհից։ Բոլոր տղամարդկանց սպանեցին, իսկ կանանց՝ երեխաների հետ միասին, տարան Դեր Զորի անապատ։ Մենք կորցրինք մեր ժողովրդի մոտ 70 տոկոսը՝ շուրջ մեկուկես միլիոն մարդ, քանի որ նրանք հրաժարվեցին կրոնափոխ լինել։

Մենք ուզում ենք, որ բոլորը ճանաչեն այս պատմությունը, ոչ միայն մռայլ կողմը։ Այն ունի նաև լույսով լեցուն խորհուրդ. քրիստոնյաները 20-րդ դարում հետևեցին Քրիստոսի ճանապարհին և զոհվեցին։ Մենք հուսով ենք, որ այդ ամբողջ զոհաբերությունն այսօր ապրող քրիստոնյաներին կտանի դեպի ավելի խորը հավատք, դեպի այն մեծ և մարդասիրական կրոնը, որին մենք հետևում ենք և որով պետք է ապրենք»։