Մենք ուզում ենք խորացնել համագործակցությունը ՌԴ-ի հետ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում․ Փաշինյան

29 Հունվարի 2026, 22:05

Քաղաքականություն

Մենք ոչ միայն պատրաստակամ ենք, այլև ուզում ենք գործակցել ՌԴ մեր գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնենք մեր գործակցությունը: Մենք գրավոր դիմել ենք, ճիշտն ասած՝ այս պահի դրությամբ դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան կա՞, թե՞ չկա: Բայց ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են: Հույս ունենք, որ կարագանա պրոցեսը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը դիմել էր ՌԴ-ին Ադրբեջանի և Թուրքիայի հատվածում երկաթգծերը վերականգնելու հարցով, որևէ պատասխան կա՞:

«Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները այցելել են երկաթուղու Երասխ-Սադարակ հատված, դրա մասին հաղորդագրություն եղավ, այսինքն՝ պրոցեսներն ընթանում են, և մենք չենք կարող տարածաշրջանային պրոցեսները կանգնեցնել:

Հույս ունենք, որ ՌԴ մեր գործընկերները չեն հապաղի: Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ եթե ՌԴ գործընկերներն ինչ-ինչ պատճառներով չցանկանան այդ ներդրումն իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք, ինքներս կանենք: