Մենք Փաշինյանին մանդատ չենք տվել, որ Արցախն ու մեր երիտասարդներին գերի հանձնի Ադրբեջանին. արցախցի
29 Օգոստոսի 2023, 19:19
Արցախցի 20-ամյա Ամալիկ Զաքարյանը մեկ տարի է՝ չի տեսել Մարտակերտում ապրող իր ընտանիքին: Նա անցյալ տարի սեպտեմբերին ուսման նպատակով Հայաստան էր եկել: Նախատեսել էր, որ ձմեռային արձակուրդներին հետ կգնա Մարտակերտ, բայց ինչպես ինքն է ասում՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ադրբեջանը փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ու Ամալիկն ու իր նման հարյուրավոր արցախցի ուսանողներ մնացին Հայաստանում:
Ամալիկը երկու օր է՝ «Մենք Արցախն ենք» եւ «Տնից հեռու երեխաները» նախաձեռնության անդամների հետ մասնակցում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաներին:
Հիշեցնենք՝ ադրբեջանցիները երեկ առեւանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի երեք երիտասարդի՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին եւ Լեւոն Գրիգորյանին:
Արցախցիները պահանջում են ռուսական կողմին հավատարիմ մնալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ արցախցիների ազատ տեղաշարժն ապահովել Լաչինի միջանցքով:
Ակցիայի մասնակիցներն այսօր նաեւ Հայաստանի կառավարություն էին եկել ու նույն պահանջը նրանց ներկայացրել, քանի որ Հայաստանը նույնպես եռակողմ հայտարարության կողմ է:
«Առաջինը, ում պետք է մեր պահանջը ներկայացնենք՝ Նիկոլ Փաշինյանն է: Մենք նրան մանդատ չենք տվել, որ Արցախը հանձնի, մեր երիտասարդներին գերի հանձնի»,- Alpha News-ի հետ զրույցում շեշտեց Ամալիկը: