Պատրաստ ենք նպաստել խաղաղության գործընթացին․ Կոբախիձեն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

06 Ապրիլի 2026, 15:29

Քաղաքականություն

Այսօրվա հանդիպման ժամանակ մենք մանրամասն քննարկեցինք ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագային վերաբերող հարցեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճեպազրույցի ժամանակ։

Կոբախիձեի խոսքով՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունները դինամիկ զարգանում են: Նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անսասան աջակցության համար։

«Նախևառաջ, ես կցանկանայի իմ անկեղծ շնորհակալություն հայտնել պարոն Իլհամ Ալիևին Վրաստան կատարած այցի համար: Նա Վրաստանի սիրելի բարեկամն է, և նրա այցը Վրաստան մեզանից յուրաքանչյուրի համար հատուկ պատիվ է: Ես ուրախ եմ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու և քննարկելու ինչպես երկկողմ համագործակցությունը, այնպես էլ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները»,- ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ քննարկել են Հարավային Կովկասին վերաբերվող հարցեր։

«Այս համատեքստում մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Վրաստանը վճռականորեն աջակցում է խաղաղ համակեցությանը, կառուցողական համագործակցությանը և տարածաշրջանում նոր նախաձեռնություններին։ Մենք միշտ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում դրական ներդրում ունենալ այս հարաբերությունների զարգացման գործում։ Մենք պատրաստ ենք նպաստել երկխոսությանը և խաղաղության գործընթացին», — նշել է Իրակլի Կոբախիձեն։