Մենք պետք է ճանաչեինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը այնպես, ինչպես ճանաչեցինք Կոսովոյի անկախությունը. Բրեդ Շերման
14 Նոյեմբերի 2023, 13:47
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Լոս Անջելեսում 2023 թվականի սեպտեմբերին արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած երկրորդ Ցեղասպանության վերապրածներին նվիրված մամուլի ասուլիսում, նշել է, որ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, և ԱՄՆ-ն պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Հայաստանի սահմանները պաշտպանելու համար:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել իմ ընկեր և ապագա սենատոր Ադամ Շիֆի և մեր քաղաքային խորհրդի ղեկավարի հետ: Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ:
Մենք պետք է ճանաչեինք մի երկրի անկախությունը, որը կոչվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ ավելի ուշ՝ Արցախ, ճիշտ այնպես, ինչպես ճանաչեցինք Կոսովոյի անկախությունը: Երկու դեպքում էլ դրանք հանրապետությունների ներսում անկախ շրջաններ էին, որոնք ժամանակին Համադաշնության մաս էին կազմում: Մի դեպքում՝ Խորհրդային Միությունը, մյուս դեպքում՝ Հարավսլավիան, որը հանրապետություններից բաղկացած համադաշնություն էր և նման էր Խորհրդային Միությանը։ Բայց մենք դա չարեցինք: Մենք ճանաչեցինք Կոսովոն մասամբ այն պատճառով, որ գիտեինք, որ նրա ժողովուրդը չի կարող ապրել կամ շարունակել ապրել որոշակի տիրապետության տակ»,- Alpha News-ի փոխանցմամբ՝ ասել է Շերմանը։
Նրա փոխանցմամբ՝ այսօր այնպիսի իրավիճակ է, երբ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա:
«Մենք ակնհայտորեն հասկացանք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չէր կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո։ Այսօր մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Ցավոք, ԱՄՆ-ն, կարծես, ունակ է միանգամից կենտրոնանալ միայն մեկ կամ երկու բանի վրա:
Ուկրաինայի դեպքում նախագահը կոչ է արել լրացուցիչ հսկայական գումարներ հատկացնել Ուկրաինայի սահմանները պաշտպանելու համար։ Մենք պետք է նույնպիսի միջոցներ ձեռնարկենք, որպեսզի պաշտպանենք Հայաստանի սահմանները, հուսով եմ՝ մինչև ներխուժումը։ Ես Ուկրաինայի սպառազինության կողմնակից եմ եղել առաջին ներխուժումից շատ առաջ՝ 2014 թվականին։
Եվ ես կողմնակից եմ Հայաստանին պաշտպանության միջոցների տրամադրմանը, որոնք նրան անհրաժեշտ են Ալիևի կողմից ներխուժումը կանխելու համար։ Մենք աշխատում ենք աշխարհում խոշոր հակամարտությունների լուծման համար միջոցների լրացուցիչ փաթեթի վրա։ Եվ Հայաստանն էլ պետք է ներառվի այդ փաթեթում։ Քաղաքական տեսանկյունից ամենահեշտն է ներառել մարդասիրական օգնությունը, որը թույլ կտա Հայաստանին՝ շատ փոքր երկրին, տեղավորել էթնիկ զտման ենթարկված 120 000 փախստականի:
Ես և Ադամ Շիֆը պայքարում ենք, որպեսզի ընդունենք համաշխարհային խոշոր հակամարտություններին վերաբերող լրացուցիչ փաթեթ, որը կկենտրոնանա նաև այդ խնդրի վրա։ Ես նաև անհամբերությամբ սպասում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությանը», — ընդգծել Է Բրեդ Շերմանը։