Մենք պետք է երաշխավորենք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքը. Տիմոֆեյ Երմակով
20 Օգոստոսի 2023, 15:03
Ռուս հայտնի ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ Լեռնային Ղարաբաղն իր դաշնակցին ու իր գոյության ու անվտանգության երաշխավորին տեսնում է միայն Ռուսաստանում։
«Մեր դժբախտությունը, և ընդհանրապես, մեր դիվանագիտության դժբախտությունը, հատկապես երբ խոսում ենք Արցախի մասին, մի պարզ բանի մեջ է, որ մենք չկողմնորոշված ենք։ Չգիտես ինչու, մենք փորձում ենք խաղալ Ադրբեջանի կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը մեր դաշնակիցն է բոլոր առումներով՝ սկսած տնտեսականից մինչև ուղղակի ռազմական։ Ինչո՞ւ ենք մենք խաղում Ադրբեջանի կողմից, որն, ի դեպ, վաղուց է որոշել իր զարգացման ուղղությունները՝
դիվանագիտությունը, տնտեսությունը, այդ թվում՝ ռազմական համագործակցությունը։ Նրանք ընտրել են Թուրքիայի՝ մեր ռազմավարական թշնամու կողմը։ Թուրքիան մեր բարեկամը չէ, իսկ Ադրբեջանն ընտրել է Թուրքիայի կողմը։
Ինչու մենք դեռ չենք ապահովում մեր դաշնակից Հայաստանի և հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվերապահ աջակցությունը, որը, սկզբունքորեն, պաշտպանություն է տեսնում միայն Ռուսաստանում, միայն Ռուսաստանում է տեսնում իր՝ ոչ թե պարզապես դաշնակից, այլ գոյության երաշխավորությունը և անվտանգությունը։
Ինձ համար միանգամայն պարզ է, որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է, տեղի է ունենում Ալիևի և Փաշինյանի գաղտնի պայմանավորվածությամբ։ Իսկ Անվտանգության խորհրդին ուղղված դիմումը, հնարավոր է՝ կապված է առողջ ուժերի, այդ թվում՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի գործունեության հետ։ Բայց դրանք բացարձակապես զրոյացվում են Փաշինյանի վարած քաղաքականությամբ։
Սա սարսափելի տխուր, գրեթե փակուղային իրավիճակ է, բայց ոչ անհույս, եթե Ռուսաստանի Դաշնությունը խառնվի և սկսի լուծել այս հարցը։ Մենք պետք է անպայման լուծենք այս հարցը։ Իմ կարծիքով՝ այս հարցը լուծելու բոլոր տարբերակները, բոլոր ռեսուրսները առկա են։ Կան զինված ուժեր, որոնք Արցախի Հանրապետության տարածքում են՝ որպես ռուսական խաղաղապահ ուժեր։
Հիմա մենք պետք է զբաղվենք մեր անմիջական պարտականությունների կատարմամբ, որոնք մեր վրա ենք վերցրել։ Մենք պետք է երաշխավորենք Արցախի ժողովրդի ապրելու իրավունքը, և դա, ի թիվս այլ բաների, այս տարածքում նաև մարդասիրական օգնության մեջ է»,- ամփոփել է ռազմական լրագրողը։