Մենք պետք է պատրաստ լինենք եվրոպացիներին խաղաղություն պարտադրելուն. Դմիտրի Սայմս
24 Նոյեմբերի 2025, 23:40
Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО/ՄՄՀՊԻ) պրոֆեսոր Դմիտրի Սայմսը «Ապագա» խորագրով 8-րդ միջազգային երիտասարդական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք եվրոպացիները կճանաչեն Ուկրաինայի պարտությունը, թե կգնան Ռուսաստանի հետ ուղիղ հակամարտության։
«Եվրոպացիների ընտրությունը մեծապես կախված է Ռուսաստանի ընտրությունից։ Քանի դեռ պատերազմն ընթանում է Ուկրաինայի տարածքում, եվրոպացիները բավականին հանգիստ են դա ընդունում: Նրանց համար դա խաչակրաց արշավանք է Ռուսաստանի դեմ։ Եվ այս խաչակրաց արշավանքում, որը նրանք դարձրել են իրենց արտաքին քաղաքականության կենտրոնական օրակարգը, նրանք չեն ցանկանում ընդունել պարտությունը: Իսկ մինչ այդ նրանց ոչ մի հարված չի հասցվել։ Եթե նայեք այդ «տգեղ», «թզուկ» մերձբալթյան պետություններին, նույնիսկ նրանք զգացողություն ունեն, որ ավելի լավ է գնալ Ռուսաստանի դեմ՝ ապահովելու իրենց անվտանգությունը, քան փորձել նվազագույն համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Ընդ որում, անգամ հատուկ բանակցելու կարիք չկա, պարզապես պետք է դադարեցնել մշտական հակառուսական հարձակումներն ու սադրանքները»,- նշել է քաղաքագետը։
Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ը չի գնա միջուկային պատերազմի ռիսկի Տալլինի կամ եվրոպական որևէ փոքր երկրի համար։
«Կարծում եմ՝ մենք պետք է պատրաստ լինենք խաղաղության. այդ մասին բազմիցս խոսել են Պուտինը և Ռուսաստանի այլ պաշտոնյաներ։ Բայց մենք նաև պետք է պատրաստ լինենք, որ ստիպված լինենք ստիպել նրանց գնալ խաղաղության։ Եվ մենք ստիպված կլինենք ընդունել, որ այդ երկրները ներգրավված են Ռուսաստանի դեմ աճող ագրեսիային, և նրանք չեն կարող իմունիտետ ունենալ միայն այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի անդամ են։
ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը ներքին փաստաթուղթ է, որը բացարձակ չի պարտավորեցնում մեզ։ Ես չեմ պատկերացնում, որ Միացյալ Նահանգները միջուկային պատերազմի գնա, ասենք՝ Տալլինի համար»,- ասել է Սայմսը։