Մենք փորձեցինք, մեզ մոտ չստացվեց․ Պավել Դուբրավսկին՝ Ուկրաինայի հակամարտությունում Թրամփի դիրքորոշման մասին
24 Սեպտեմբերի 2025, 21:15
Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ նշելով, որ նրա մոտեցման մեջ արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Փորձագետի խոսքով՝ չնայած մեդիայում ակտիվ քննարկումներին, Թրամփը շարունակում է հավատարիմ մնալ նախկին դիրքորոշմանը։
«Ես չեմ տեսնում Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխություն։ Նա ասում է՝ այո՛, Ուկրաինան ուժեղ է, նրանք հիանալի են, այո, կարելի է հիշել 1991 թվականի սահմանները և գովում է Զելենսկուն։ Իսկ ի՞նչ է ասում նա դրանից անմիջապես հետո։ Նա ասում է, որ հակամարտությունը շատ դժվար է լուծել, ԱՄՆ-ին, ըստ էության, դա չհաջողվեց։ Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն, եվրոպական երկրները կարող են ԱՄՆ-ից զենք գնել: Եվ, երրորդ, ասում է, որ նրան չի հաջողվել ավարտել հակամարտությունը, բայց, միևնույն ժամանակ, սա հակամարտություն է, որը նրան մնացել է Բայդենի դարաշրջանի բացասական ժառանգությունից: Եվ, համապատասխանաբար, նրան մնում է միայն զենք վաճառել՝ այդպիսով, ասես, աջակցելով կողմերից մեկին։ Բայց իրականում հրապարակայնորեն Թրամփն ասել է, որ հաջողություն է մաղթում երկու կողմերին էլ»,- ասել է Դուբրավսկին։
Փորձագետի կարծիքով՝ Թրամփի դիրքորոշումը մնում է նույնը․ «Մենք փորձեցինք, մեզ մոտ չստացվեց։ Եթե ինչ-որ մեկին զենք, օգնություն կամ ֆինանսներ է պետք, դիմեք, բայց միայն եթե դուք Եվրոպական միությունն ու ՆԱՏՕ-ի երկրներն եք»։
«Ես չէի ասի, որ ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել Թրամփի մտածողության կամ արտահայտությունների մեջ: Կարծում եմ, որ այս պահին մենք կոնկրետ տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը փնտրում է այս հակամարտությունից դուրս գալու հնարավորություն, բայց նա դա անում է արդեն առնվազն երկու-երեք ամիս»,- եզրափակել է Դուբրավսկին։