Մենք փողոցային պայքարներով մաշեցրել ենք այս իշխանությանը․ Ռոբերտ Քոչարյան

08 Մարտի 2026, 15:12

Քաղաքականություն

Փողոցային պայքարներ նախաձեռնելով և այլ փողոցային պայքարներին ակտիվ մասնակցությամբ մաշեցրել ենք այս իշխանությանը։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի առաջին թողարկման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
 
«Երբ նայում ենք սոցհարցումները, մոտավորապես 1,5-2 տարի առաջ մարդկանց 60 տոկոսը կողմնորոշված չէր։ Նրանց զգալի մասը մարդիկ են, ովքեր հիասթափվել են ՔՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկեն։ Հիմա այդ մարդկանց տոկոսը բավական փոքր է՝ մոտ 25-30 տոկոս։ Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ գուցե որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ։ Եվ լավ է, որ կան ուրիշ ուժեր։ Մեր զրույցի ժամանակ արդեն ասել եմ՝ նախկինում 5-6 կուսակցություն մտնում էին խորհրդարան, հիմա նորմալ չէ, որ 3-ը մտնեն։ Համարենք, որ մեր ջանքերը, փողոցային պայքարը, իշխանափոխության լավ հնարավորություն են ստեղծել»,-ասել է Քոչարյանը։

Նա նշել է, որ հետևում է քաղաքական ուժերի ներկայացրած նախընտրական ծրագրերին և կարծում է, որ դրանք լավն են, սակայն հարց է առաջանում, թե ով կարող է դրանք իրագործել։