Մենք ընտրում ենք Հայաստանի հետ նորմալ երկխոսությունը. Մարիա Զախարովա

07 Հունիսի 2023, 18:10

Քաղաքականություն

Այդտեղ իսկապես Մոսկվայի հասցեին «հարձակում» եղավ, այդ պատճառով լավ կլիներ, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան ( ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, -հեղ. ) կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլեւ որը պետք է լինի, մենք հայկական կողմի հետ նման փորձ ունենք, կամ էլ նման հայտարարությունները: Մենք ընտրում ենք առաջինը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության սահմանային ծառայությունները վերահսկելու է հայկական կողմը:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ապա այն մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի կողմից, այդ պատճառով ճիշտ չեմ համարում արձագանքել դրան: Դա նրանց կոմպետենցիայի ներքո է, որոնք նշանակվել են եւ նրանց է վերապահված նման հարցերի քննարկումը»,- նշել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսասատնի եւ Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման եւ կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Ըստ դրա՝ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

Եռակողմ հանդիպումից հետո՝ հունիսի 4-ին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ սահմանային ծառայությունները վերահսկելու է հայկական կողմը: Նա ընդգծել էր, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է եւ մյուս գործընկերները դա ի գիտություն են ընդունել: Պաշտոնյան հույս էր հայտնել, որ գործընկերները նույնպես այդ սկզբունքով առաջ կշարժվեն:

Հիմա եթերում