Մենզ համար անընդունելի է ՀՀ կառավարության հայտարարությունը, թե Արցախը Ադրբեջանինն է․ Գասպար Կարապետյան
20 Սեպտեմբերի 2023, 00:20
Լաչինի և Ակնայի ճանապարհների միաժամանակյա բացումը Ադրբեջանի հերթական ծուղակն էր, իսկ Արցախի դեմ ագրեսիան սպասելի էր։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը։
«Վերջին օրերի կուտակումները ենթադրում էին նման ավարտ։ Լաչինի և Ակնայի ճանապարհների միաժամանակյա բացումը Ադրբեջանի հերթական ծուղակն էր, որ կարողանային իրենց ուզածն իրականացնել։ Նրանց մոտ դա հաջողվեց՝ մեզ անակնկալի բերելով, թեև տպավորություն է, որ Արցախի պաշտպանության բանակը իր ամբողջ ներուժով դիմադրում է և Ադրբեջանը լուրջ առաջընթաց չի ունեցել», — ասաց Կարապետյանը։
Զրույցի ընթացքում նա ներկայացրել է նաև իրենց կողմից իրականացված գործողությունները։
«Մենք անմիջապես կապվեցինք Եվրոպական միության մեր գործընկերների հետ և շատ կոշտ բաց նամակ ուղարկեցինք Շառլ Միշելին։ Նամակներ ուղարկեցինք նաև Տոյվո Կլաարին և Շառլ Միշելի գրասենյակի տնօրենին։ Խոսել ենք նաև Հայ դատի հանձնախմբերի մեր գործընկերների հետ, որոնք իրենց երկրներում սկսեցին ևս աշխատել։ Այս պահին ակտիվ աշխատում ենք նաև Եվրոպացիները Արցախի համար կազմակերպության հետ։ Մենք այս ամենը անում ենք՝ ի աջակցություն Արցախի, քանի որ մենզ համար անընդունելի են ՀՀ կառավարության հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանինն է», — նշեց Կարապետյանը։