Մեր առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Նարեկ Կարապետյան

20 Հունվարի 2026, 11:52

Քաղաքականություն

Բոլոր շրջաններում մենք տեսնում ենք մեկ հիմնական խնդիր՝ աշխատատեղերի խնդիրը։ Այս մասին գործարար Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ներկայացնելու են քայլեր, որոնք փոխելու են մարդկանց կյանքը։

«Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում։ Շրջաններում գործ չկա, դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր, ընտանիքները թողնում են այստեղ և ունենում ենք բազմաթիվ բացասական հետևանքներ։ Ինչ ենք մենք առաջարկում․ ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ։ Մենք ունենք պլանավորված քաղաքականություն, թե ինչպես այդ աշխատատեղերը ստեղծել ՀՀ-ում»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, իսկ ներմուծման և արտահանման տարբերությունը գրեթե 4 մլրդ դոլար է։

«Ստացվում է՝ ՀՀ-ն 4 մլրդ դոլար ավելի գումար է ուղարկում դուրս, քան ստանում է։ Մենք աղքատանում ենք 4 մլրդ դոլարով։ Իսկ այդ գումարը կոմպենսացնում է հետևյալ կերպ․ կամ դրսից փոխանցումներով, կամ կամ պետական պարտքով։ Այսինքն՝ մենք պարտքով ենք ապրում»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով՝ 2-րդ քայլով Հայաստանում փոքր բիզնեսն ազատելու են հարկերից, որպեսզի հնարավորություն տան նրանց զարգանալ։

3-րդ քայլով ապահովելու են, որ Հայաստանում դեղերի գները նվազեն։

4-րդ քայլը մթերման կայանների ստեղծումն է, որպեսզի գյուղացիները կարողանան մթերեն և բերքը չփչանա սեզոնին։

5-րդ քայլով՝ ապահովել 20 հազար նոր մատչելի բնակարաններ՝ երիտասարդ, բազմազավակ ընտանիքների համար, որպեսզի այս հարցը մեկընդմիշտ լուծվի։