Մեր դիրքորոշումը նույնն է՝ չպետք է հանձնվեն, սպասում ենք վարչապետի պատասխանին. Միհրան Մախսուդյան

25 Մարտի 2024, 22:30

Քաղաքականություն

Ոսկեպարցիները դեռ սպասում են Կառավարության պատասխանին՝ Ադրբեջանի պահանջած գյուղերի հանձնման հարցի հետ կապված լուծմանը:

Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց, որ եթե ժողովրդի պահանջը չկատարվի, այն է՝ Ադրբեջանին չզիջել այդ գյուղերը, ապա ժողովուրդը կորոշի իր անելիքը: Թե որն է այդ անելիքը, Մախսուդյանն ընդգծեց.

«Ժամանակը կգա՝ կասենք: Մեր դիրքորոշումը նույնն է, որ չպետք է հանձնվեն, վերջ: Մենք սպասում ենք վարչապետի պատասխանին»:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղերի բնակիչների հետ ու անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացին: Փաշինյանն ասել էր, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքում են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը, օրինակ՝ Ներքին Ոսկեպարը, որն ադրբջանական կողմն անվանում է՝ Աշաղը Աքսիպարա: Այս գյուղը, նշենք, անմարդաբնակ է, այն գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ: Ադրբեջանն այս հատվածից պահանջում է նաեւ երեք այլ գյուղ՝ Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Սրանք եւս անմարդաբնակ են:

Ներքին Ոսկեպար գյուղի տարածքով է անցնում Հայաստան Վրաստան միջպետական ճանապարհը: Եթե այս գյուղն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ, ապա այդ ճանապարհը չի կարող շահագործվել: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Միհրան Մախսուդյանն ասել էր, որ ոսկեպարցիները վճռական են տրամադրված՝ իրենց հողը չեն զիջելու եւ պատրաստ են զենք վերցնել: Նրանք Փաշինյանի հետ հանդիպումից հետո սպասում են խնդրի հետ կապված Կառավարության ղեկավարի լուծումներին:

«Մենք մեկ շաբաթից տասն օր կսպասենք: Գյուղացիներն ուզում էին վճռական քայլեր անել, ես, համայնքի ղեկավարը խնդրել ենք սպասել: Միգուցե մարդը ճիշտ որոշում կընդունի ու կներկայացնի հանրությանը: Չենք էլ ուզում կասկածի տակ դնել վարչապետի խոստումները: Կարծում եմ՝ խելամիտ առաջարկ կանեն ժողովրդին»,- ասել էր Ոսկեպար համայնքի բնակիչ Միհրան Մախսուդյանը: